Բաժիններ՝

Ինչո՞ւ են օրենքից հանել «արտադրված է ՀՀ-ում» արտահայտությունը

Երբ այս տարվա սկզբին փոփոխության ենթարկվեց «Շահութահարկի մասին» օրենքը և տարեկան 50 մլրդ դրամի ապրանք արտահանողների համար շահութահարկը նվազեցվեց 10 անգամ (ներկայիս 20 %-ի փոխարեն սահմանվեց 2%), կառավարության ներկայացրած հիմնավորումներից մեկն էլ այն էր, որ դրանով կխթանվի տնտեսությունը, ներդրումներ կկատարվեն, աշխատատեղեր կստեղծվեն, արտադրություններ կհիմնվեն անհրաժեշտ ծավալն ապահվելու համար և այլն:

Սակայն ներկայումս եկամտհարկի օրենքում աղմկահարույց փոփոխությունների հետ միաժամանակ ԱԺ ներկայացված «Շահութահարկի մասին» օրենքից հանվում են «Հայաստանի Հանրապետությունում արտադրված» բառերը: Ի՞նչ է սա նշանակում: ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ դա չի նշանակում, թե առհասարակ նշանակություն չունի՝ արտահանվող ապրանքը ՀՀ-ում է արտադրված, թե ոչ: Ըստ նրա՝ արտահանողի ծրագիրը պետք է արժանանա կառավարության հավանությանը և պարտադիր պայման է, որ արտահանվող ապրանքների մի մասը արտադրված լինի ՀՀ-ում: Սա ամրագրված է օրենքով.

«Այսինքն, այդ բառերը հանելով, մենք չենք վերացնում այն գաղափարը, որ արտահանման ծրագիրը պետք է հավանության արժանանա այն դեպքում, եթե այն ՀՀ-ում արտադրված ապրանքի մաս ունի: Պարզապես այդ բառերը հանելով մենք հնարավորություն ենք ստեղծում, որ ոչ միայն ՀՀ-ում արտադրվածը կարող է արտահանվել, այլ նաև ՀՀ-ն կարող է ծառայել որպես տարանցիկ երկիր և տարբեր երկրներում արտադրված ապանքները կարող են մուտք գործել ՀՀ, մաքսազերծվել ՀՀ-ում, դառնալ ԵՏՄ տարածքի ապրանքներ, որից հետո մուտք գործեն ԵՏՄ երկրներ»:
Վ.Միրումյանը չհամաձայնեց դիտարկման հետ, որ այդպիսով ՀՀ-ն ուզում է օգտվել Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունից. «Ոչ, մենք չենք ուզում օգտվել Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունից: Մենք ընդամենը ուզում ենք օտվել ԵՏՄ ընձեռած հնարավորությունից»:

168.am-ի դիտարկմանն ի պատասխան, որ ստացվում է՝ ՀՀ-ում ներդրումներն այլևս չեն խթանվում և կարող է արտահանման ծավալի, օրինակ, միայն 5%-ը լինել ՀՀ արտադրանք, փոխնախարարը պնդեց, թե պահպանվում է օրենքի այն դրույթը, որի համաձայն ՀՀ կառավարությունը պետք է կոնկրետ ծրագրի դեպքում սահմանի սահմանաչափ, առանց որի ծրագիրը չի կարող համարվել արտահանման ծրագիր, իսկ բացառապես տարանցիկի վրա հիմնված ծրագիրը չի կարող հավանութան արժանանալ: Նա վստահեցրեց, որ օրենքը, նախկինի պես, խթանում է ՀՀ-ում ներդրումները և նպաստելու է տնտեսության զարգացմանը:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս