Մանրամասներ՝ «Հայփոստի» աշխատակցի սպանության դեպքի մասին. ՔԿ

2015 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 11-00-ի սահմաններում, Սևան-Երևան ավտոճանապարհի 59-րդ կմ հատվածում հայտնաբերվել է Սևան քաղաքի բնակիչ, 36-ամյա Վ.Հայրոյանի դիակը՝ հրազենային վնասվածքներով. հարուցվել է քրեական գործ։

2015 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 11-00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին հայտնաբերվել է դիակը։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը՝ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Ա.Ղազարյանի գլխավորությամբ։

Սևան-Երևան ավտոճանապարհին 59-րդ կմ հատվածին զուգահեռ նախկին քարհանք վարչություն տանող ճանապարհի հարակից հատվածում հայտնաբերվել է «Հայփոստ» ՓԲԸ-ի Սևանի մասնաճյուղի «RENAULT LOGAN» մակնիշի, 315 LV 61 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որի մոտ հայտնաբերվել է Սևան քաղաքի բնակիչ, 1979թ. թվականին ծնված Վիգեն Հայրոյանի դիակը՝ գլխի և կրծաքավանդակի շրջանում հրազենային վնասվածքներով։ Դեպքի վայրի զննությամբ՝ դիակից քիչ հեռու հայտնաբերվել է մակարով տեսակի ատրճանակ:

Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական միջոցառումներ՝ սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս