«Հայաստան» բառն այնքան չի փնտրվել Google-ի պատմության ամբողջ ընթացքում, քան Քարդաշյանի այցի օրերին է. փորձագետ
168.am-ը մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե ինչպես է Քիմ Քրադաշյանի և նրա ընտանիքի անդամների այցն ազդել համացանցում, սոցիալական մեդիայում Հայաստանի մասին ինֆորմացիայի աճին: Ի պատասխան, Սամվել Մարտիրոսյանն ասաց.
«Սոցիալական ցանցերով քննարկելու հարց էլ չկա, որովհետև Քիմ Քարդաշյանը, ենթադրենք՝ instagram-ում ամենաընթերցվողն է, twitter-ում ամենաընթերցվողներից է: Նույնը նաև facebook-ում: Այսինքն՝ ահռելի լսարանի ունի, եթե դրան միացնենք նաև քրոջը, ամուսնուն: Նույնիսկ նրա մատնահարդարն ու դիմահարդարը ահռելի լսարաններ ունեն, այսինքն՝ այստեղ էլ խոսքը գնում է միլիոնների մասին, և բոլորը Հայաստանի մասին գրում են: Էլ չեմ ասում, որ մամուլը, հատկապես տաբլոիդները, որոնք շատ մեծ լսարաններ ունեն, գրում են: Այսինքն՝ շատ դժվար է թերագնահատել այս ամեն ինչի ազդեցությունը, որովհետև զուգահեռ հայտնվում են հոդվածներ, թե Հայաստանում ինչ հետաքրքիր բան կա, որոնք Քարդաշյանը տեսել է, որ արժե՝ դուք էլ գնաք, տեսնեք: Եթե նույնիսկ Google-ում նայեք, կտեսնեք, որ «Հայաստան» բառն այդքան չի փնտրվել Google-ի պատմության ամբողջ ընթացքում: Իսկապես, ինչ-որ աննախադեպ բան է»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ այս ամենին ավելացել է նաև Հռոմի պապի հայտարարությունը:
«Արդեն նույնիսկ դժվար է ընդհանուր գնահատական տալ, որովհետև այս ամեն ինչը միասնական է, տարանջատելը շատ բարդ է»,- ասաց փորձագետը: