Փարիզում մեկնարկեց Հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտաժողովը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակներում մարտի 25-ին Փարիզի Սորբոն համալսարանում մեկնարկեց Հայոց ցեղասպանությանը նվիված միջազգային գիտաժողովը:

Ֆրանսիայի նախագահի բարձր հովանու ներքո անցկացվող միջոցառման բացման արարողությունը ներկա էին Ֆրանսիայի ազգային կրթության նախարար Նաժաթ Վալո-Բելկասեմը եւ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը։ Գիտաժողովի բացման արարողությանը, որը կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների միջազգային գիտական խորհրդի (CSI) կողմից` հայտնի ցեղասպանագետ Իվ Տերնոնի ղեկավարությամբ, մասնակցեցին Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումները համակարգող հանձնախմբի (Mission 2015) ղեկավար Ալեքսի Գովցյանը, Ֆրանսիահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը, գիտաժողովի գործընկեր հաստատությունների ղեկավարներ և հարյուրավոր հյուրեր:

11097213_10204298388644071_1066639691_o

Բացման իր խոսքում Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը ողջունեց այս կարևոր նախաձեռնությունը՝ նշելով, որ պատմագիտության դերն առանցքային է իրողությունների վերհանման, դրանց ճանաչելիության և գալիք սերունդներին փոխանցման համար:

Շնորհակալություն հայտնելով ֆրանսիական կրթական հաստատություններում պատմության ուսուցիչներին, Նաժաթ Վալո-Բելկասեմը առանձնահատուկ կարևորեց վերջիններիս դերը բանավեճն ու երկխոսությունը ճշմարտության խեղաթյուրումից զանազանելու հարցում պատանիներին օգնելու գործում:

Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ նախարարը շեշտեց, որ ցեղասպանությունը միակ ճշգրիտ եզրույթն է հարյուր տարի առաջ հայերի հանդեպ իրականացվածը նկարագրելու համար:

Այնուհետև նա հիշատակեց Կոմիտասի, Դանիել Վարուժանի, Զաբել Եսայանի ճակատագրերը և ցավով արձանագրեց, որ հայերի համակենտրոնացման և բնաջնջման վայրերում այսօր էլ շարունակվում են մարդկության դեմ ոճրագործությունները: Այնուհետև ելույթներով հանդես եկան միջոցառման համակազմակերպիչներ Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոցի նախագահ Պիեր-Սիրիլ Օտկյորը և Իլ-դե-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահի ներկայացուցիչը:

11032142_10204298388564069_1701410726_o

Բացման արարողությանը հաջորդեց գիտաժողովի առաջին նիստը, որի ընթացքում CSI նախագահ Իվ Տերնոնը ներկայացրեց Հայոց ցեղասպանության տարեգրությունը և առանձնահատկությունները: Անդրանիկ նիստին խոսքով հանդես եկան քաղաքագետ Կայծ Մինասյանը, պատմաբաններ Ռայմոն Գևորգյանը, Կլեր Մուրադյանը, Միքայել Նիշանյանը և թուրք հասարակագետ Համիտ Բոզարսլանը:

Քառօրյա գիտաժողովի հաջորդ նիստերը, որոնց մասնակցում են տասնյակ երկրների մոտ 70 գիտնականներ, կշարունակվեն մարտի 26-ին Հոլոքոստի հուշահամալիրում, մարտի 27-ին Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոցում և մարտի 28-ին Ֆրանսիայի Ազգային Գրադարանում:

Տեսանյութեր

Լրահոս