Հայաստանի դեպքում ԵՄ-ն բռնությունների վերաբերյալ լռելու պատճառ չունի. Ստյոպա Սաֆարյան

«ԵՄ-ի ներկայացրած զեկույցում լուրջ քաղաքական նշանակություն պետք չէ փնտրել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ հասարակական կազմակերպության ղեկավար  Ստյոպա Սաֆարյանը` անդրադառնալով Հայաստանում Եվրամիության հարևանության քաղաքականության առաջընթացի վերաբերյալ փաստաթղթին, որը նախօրեին Երևանում հրապարակել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան: Ի դեպ, նշենք, որ ըստ զեկույցի՝ Հայաստանը 2014-ին սահմանափակ առաջընթաց է գրանցել ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտներում: Զեկույցում արձանագրված է նաև, որ լայն փոխհամաձայնություն չկա երկրում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հասարակության և ընդդիմադիր կուսակցությունների շրջանում:

Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ մեծ քաղաքական իմաստ, հատուկ նշանակություն չպետք է փնտրել ԵՄ ներկայացուցչի ներկայացրած փաստաթղթում, քանի որ ՀՀ-ում շատ մտահոգիչ դրսևորումներ են գրանցվել անցած տարեվերջին և այս տարվա սկզբին: Խոսքը ծեծերի, չբացահայտված հանցագործությունների, ակտիվիստների նկատմամբ հարձակումների, կազմակերպված շոուների մասին է: Բնականաբար, վերլուծաբանի խոսքով, այդ ամենն անդրադառնում է Հայաստանի հեղինակության վրա, ուստի սպասելի էր, որ ԵՄ-ի մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտին վերաբերող զեկույցը չէր կարող ետընթաց կամ մտահոգություններ չարտահայտել Հայաստանի հեռանկարի կապակցությամբ:

«Միգուցե ԵՄ-ն անտեսեր, չեմ ուզում ասել, թե ԵՄ-ն երբեք քաղաքական նկատառումներով չի լռել Հայաստանում մարդու իրավունքների անբավարար վիճակի կապակցությամբ: Դա նկատել ենք քանիցս, բայց նաև նկատել ենք, որ եվրոպական ուղղությունը ՀՀ արտաքին քաղաքականության մեջ ոչ միայն նման դրսևորումներ է ունեցել, այլև բերել է ՀՀ իշխանությունների նրբանկատության բարձրացմանը, և նրանք, համենայն դեպս, հաշվետվողականության գաղափարից ելնելով՝ փորձել են շատ կոպիտ խախտումների չգնալ: Հայաստանի դեպքում ԵՄ-ն նաև լռելու պատճառ չուներ»,- մեկնաբանեց Ստյոպա Սաֆարյանը:

Անդրադառնալով նախօրեին Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկիի դիտարկումներին, թե ԼՂ հակամարտության կարգավորումն ունի երրորդ ճանապարհ` ԼՂ-ի անցումը Մոսկվայի վերահսկողության տակ, նա ասաց, որ շատ վտանգավոր պատկեր է ուրվագծվում: Նա հիշեցրեց, որ 2013 թվականին հատկապես ՌԴ քաղաքագիտական միտքը շատ արտառոց և վտանգավոր եզրահանգումներ էր կատարում իր հեղինակավոր զեկույցներում, որ Կովկաս մտնելու բանալին ԼՂ հակամարտությունն է:

«Հստակ տրվել է ԼՂ-ն վերցնելու ռազմավարությունը Կրեմլի կողմից: Նրանք գտնում են, որ դա թույլ կտա վերականգնել ՌԴ գերազդեցությունը Գյուլիստանի պայմանագրի աշխարհագրության շրջանակում, թույլ կտա դուրս մղել տարածաշրջանից ԱՄՆ-ին, ԵՄ-ին: Շատ հետաքրքիր է, որ Ժիրինովսկին ուշացումով կրկնում է այդ միտքը, որը միանգամայն համահունչ է Կրեմլյան զեկույցների հետ, որոնց նպատակը ոչ այնքան ԼՂ հակամարտությունը լուծելն է, այլ ԼՂ-ն ՌԴ-ի տակ տեղափոխելը և դրանով Կովկասում գերազդեցության հաստատումը: Դա բավականին բարդ, անհնար գործընթաց է, քանի որ, բացի ՌԴ-ից, կա Մինսկի խումբ, կա ԱՄՆ, ԵՄ, պետք է շատ զգույշ լինենք, հենց ՄԽ-ն լուծարվի, բնականաբար, կարող են Ռուսաստանի ցանկալի տարբերակները զարգանալ: Այս պարագայում պետք է զգույշ լինել»,- նման կարծիք հայտնեց Ստյոպա Սաֆարյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս