Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարություններով պետք է զբաղվեն միջազգային դատարանները և բուժհիմնարկները. Դ. Բաբայան. tert.am

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այնպիսի հայտարարություններ է անում, որ այդ առնչությամբ այլևս պետք է մեկնաբանություններ տան միջազգային կառույցները, մարդու իրավունքների դատարանները, մասնագիտացված այլ կառույցները` ներառյալ ԵԱՀԿ-ն ու ՄԱԿ-ը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, որ «ադրբեջանցի զինվորները պետք է գիշեր-ցերեկ օգտագործեն ցանկացած հնարավորություն՝ հայ սպանելու համար և որ հայերը պետք է մշտապես ապրեն վախի մթնոլորտում»:

«Ու ոչ միայն, առողջապահական հիմնարկները ևս, որովհետև նման հայտարարություն կարող է անել միայն աննորմալը, կամ, իրոք, ֆաշիստական գաղափարներով տառապող մարդը: Բայց ֆաշիզմը նույնպես աննորմալություն է: Այնպես որ, և՛ բժշկական, և՛ քաղաքական, և՛ բարոյական խնդիր է, որով արդեն պետք է զբաղվի միջազգային հանրությունը: Այդպիսի մարդիկ պետք է ընդգրկվեն համապատասխան ցուցակներում և նրանց հանդեպ պետք է կիրառվեն որոնողական աշխատանքներ, նրանք պետք է դատվեն որպես հանցագործներ»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ եթե նման բան ասում է երկրի պաշտպանության նախարարը, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ մթնոլորտ է տիրում Ադրբեջանում:

«Ուրեմն՝ նման կարծիք ունի Նախագահը, ուրեմն՝ նման կարծիք ունի իր տեղակալը, իրենց ողջ վերնախավը, ժողովուրդն էլ՝ մոլորեցված»,-ավելացրեց Ստեփանակերտի մամուլի խոսնակը:

Դավիթ Բաբայանը, ըստ երևույթին նկատի ունենալով միջազգային հանրությանը, նկատեց, որ եթե «ինչ-որ մեկը իլյուզիաներ ունի», որ լռելով կամ նրան ինչ-ինչ զիջումներ անելով՝ հրեշը կբավարարվի, չարաչար սխալվում է:

«Նրանց նպատակը ողջ հայությանը ոչնչացնելն է, հիմա մենք խոսում ենք Ցեղասպանության ճանաչման մասին, որ Թուրքիան չի ճանաչում և այլն: Այստեղ ունենք մի հարևան, որը ոչ միայն չի ճանաչում, այլ ասում է՝ կրկնելու եմ»,- նկատեց Ստեփանակերտի խոսնակը:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս