Ակտիվ քայլեր ենք ձեռնարկում ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների իրավապայմանագրային հիմքը ձևավորելու ուղղությամբ. Սերժ Սարգսյան

«ՀՀ-ն կցանկանար Ցեղասպանության հարյուրամյա տարելիցը ոգեկոչել թուրք ժողովրդի հետ միասին»,- այսօր այս մասին «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումի ընթացքում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նախ ողջունեց աշխարհի տարբեր անկյուններից Երևան ժամանած շուրջ 150 անվանի լրագրողներին, ում մասնակցությունը միջոցառմանը, Սերժ Սարգսյանի խոսքով, խոսում է համաժողովի նկատմամբ միջազգային հանրության բարձր հետաքրքրության մասին: Նա նաև լիահույս է, որ  գեղեցիկ խորագիրը կրող համաժողովի մասնակիցները, աշխատանքից բացի, հնարավորություն կունենան ծանոթանալ հայկական մշակույթին և խոհանոցին:

Սերժ Սարգսյանը խոսեց ժամանակակից կյանքում ԶԼՄ-ների դերի կարևորության մասին: Նրա որակմամբ՝  ԶԼՄ-ները համամարդկային արժեքները տարածելու, դրանց ոտնահարման դեմ պայքարելու հսկայական ներուժ ունեն: Իսկ  համաժողովը, ըստ նրա, հարթակ է հանգամանալից ներկայացնելու տարբեր ոլորտներում ՀՀ ձեռքբերումները և ՀՀ-ի  առջև ծառացած մարտահրավերները: ՀՀ նախագահը հիշեցրեց, որ այս տարի ՀՀ-ն հիշում և ոգեկոչում է մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը, որին զոհ դարձավ մեկուկես միլիոն հայ, շատերն էլ դավանափոխ եղան:

Ըստ Սերժ Սարգսյանի՝ ՀՀ-ն կցանկանար Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը ոգեկոչել թուրք ժողովրդի հետ միասին՝ դրանով արձանագրելով երկու ժողովուրդների միջև հարաբերությունների հաստատման նոր հանգրվան, որին միտված էին Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները և իր հրավերն Էրդողանին՝ ապրիլին 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Ցավոք, նրա խոսքով, այս անգամ ևս բախվեցինք ժխտողականության հետ, որն այս տարի առանձնահատուկ դրսևորում է  ստացել, քանի որ Թուրքիայի իշխանությունները որոշել են Գալիպոլիի մարտերի հարյուրամյակը տոնել ապրիլի 24-ին, որի միակ դրդապատճառը, ըստ Սերժ Սարգսյանի, միջազգային հանրության ուշադրությունը Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակն է:  Զուգահեռաբար՝ ՀՀ նախագահը նաև նշեց, որ վերջին տարիներին  Թուրքիայի մտավորականության ավելի ու ավելի շատ հատվածներ են խիզախում առերեսվել պատմության հետ և չկրել մեղքի ծանր բեռը:

Սերժ Սարգսյանը պարզաբանեց նաև, որ Թուրքիայի ապակառուցողական քաղաքականության հետևանքով որոշում կայացրեց խորհրդարանից ետ կանչել Հայ-թուրքական արձանագրությունները: Նա նշեց, որ Թուրքիան իր վերջին տարիների քաղաքականությամբ արձանագրեց  «զրո հարևան՝ բազմաթիվ խնդիրներ» արդյունքը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և Ադրբեջանի հետ հարաբերություններին՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ հայ ժողովուրդը թշնամի ժողովուրդ չունի: «Ադրբեջանի սպառնալիքներից անկախ, պատմության անիվն անհնար է շրջել, քանի որ ԼՂՀ-ն կայացած իրողություն է, իսկ նրա ժողովրդի ազատատենչ ոգին անհնարին  է կոտրել: Դրանում համոզվելու համար առաջարկում եմ այցելել Ղարաբաղ՝ ծանոթանալու Արցախի պետականաշինությանը և օբյեկտիվ իրականությունը ներկայացնելու Ձեր հասարակություններին»,- նշեց ՀՀ նախագահը: Նա հիշեցրեց, որ Հայաստանը հանձնառու է մնում կարգավորել հակամարտությունը՝ իր պարտավորություններին համաձայն:

Սերժ Սարգսյանն ասաց, որ հայ-թուրքական հարաբերությունների ու ԼՂ հակամարտության կարգավորումը շատ կարևոր է Հայաստանի համար, սակայն ՀՀ  օրակարգը շատ ավելի լայն է: Սերժ Սարգսյանը խոսեց Հայաստանում կայացած քաղաքացիական հասարակության, կառուցողական ընդդիմության, արտաքին քաղաքականության՝ ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, Վրաստանի հետ հարաբերությունների մասին: Նա տեղեկացրեց, որ Հայաստանը հետևում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վեցյակի  բանակցություններին,  կարևորեց նաև ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի ակտիվ մասնակցությունը: «ԵՏՄ անդամակցությունը լուրջ հեռանկարներ է բացում մեր երկրի առաջընթացի համար»,- նկատեց Սերժ Սարգսյանը:

Վերջինս կարևորեց նաև լայնածավալ բարեփոխումները Հայաստանում, որոնք կայացել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների համատեքստում: «Ակտիվ քայլեր ենք ձեռնարկում ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների իրավապայմանագրային հիմքը ձևավորելու ուղղությամբ»,- ասաց Սարգսյանը՝ շարունակելով, որ ՀՀ-ն անդամակցելով ԵՏՄ-ին՝ կարող է կապող օղակ հանդիսանալ այդ կառույցի երկրների և արևմտյան երկրների գործարար համայնքների համար:

 

Տեսանյութեր

Լրահոս