Բաժիններ՝

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին. «Պահանջում ենք արգելել այս կործանարար ծրագրի իրականացումը»

Մեծարգո պարոն Սարգսյան

ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման ծրագրին: Այս ծրագիրն իրականացվելու է  Համաշխարհային բանկի տրամադրած վարկային միջոցներով ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ԾԻԳ»  պետական հիմնարկը և «Հայհիդրոէներգանախագիծ»  ՓԲԸ – ն   մտադիր են իրականացնել «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման նախագիծը:

Գառնիի բնակչությունը խիստ անհանգստացած է այս ծրագրի իրագործմամբ: Քաղցրաշենի ծրագրի շնորհիվ ոռոգվելու են Արարատի մարզի 12 համայնքներ Գառնիի գեղատեսիլ կիրճի, Խոսրովի պետական արգելոցի  եւ Ազատ գետից ու Ազատի ջրամբարից ջրով ապահովվող համայնքների հաշվին, քանի որ վերջիններս կզրկվեն ջրից:  Նախագծով Ազատ գետի միջին հոսանքներից` Ազատ և Գողթ գետերի միախառնումից 1  կմ ներքև գտնվող հատվածից 820-:-1,020 մմ տրամագծով 27,685 մ երկարությամբ  պողպատե   խողովակաշարով վայրկյանում մոտ 900  լիտր ջուր
պետք է տեղափոխվի Արարատի մարզի համայնքներ: Նշվում է, որ ջրառն իրականացվելու է ոռոգման սեզոնին` ապրիլից մինչև հոկտեմբեր`  գետում թողնելով  ընդամենը 0.85 խմ/ վրկ ջուր որպես բնապահպանական թողք: Ծրագիրը մեր` բնակիչներիս կողմից անընդունելի է:

1. Նախագծող կազմակերպությունը բերել է 60-ամյա  տարիների  վաղեմություն ունեցող դիտարկման արդյունքներ, որոնք չեն համապատասխանում վերջին մի քանի տարիների ջրի իրական ծավալներին: Գետը խիստ սակավաջուր է դարձել, և հորդացումներ չեն դիտվում, Ազատի ջրամբարը լիարժեք չի լցվում և չի բավարարում այդ ջրամբարից օգտվող համայնքների ոռոգման ջրի կարիքը: Եթե այդ ջուրն էլ վերցնեն, ապա ոչնչացման վտանգի տակ կհայտնվեն մեր ցանքատարածությունները եւ մի հսկա տարածաշրջան, որի գեղեցկությունը մշտապես դյութել է զբոսաշրջիկներին:

Ոռոգման ամիսներին` հատկապես հուլիսին, օգոստոսին և սեպտեմբերին, Ազատ գետի միջին հոսանքներում, որտեղ տեղակայվելու գլխամասը, գոյություն չունի անհրաժեշտ քանակի ջուր, ուստի հնարավոր չէ գետում պահպանել նախատեսված 0.85խմ/վրկ քանակությամբ բնապահպանական ելքը: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի տեղ չի վերահսկվում բնապահպանական թողքը, գոյություն չունի վերահսկման մեխանիզմ: Այդպիսի օրինակ կա հենց Գառնիի ոռոգման համակարգի գլխամասում, որը նախագծվող ջրընդունիչից գտնվում է մոտ 18կմ գետի հոսանքով դեպի վերև` Խոսրովի արգելոցի խորքում: Ոռոգման ջուրը վերցնելուց հետո գետում գրեթե ջուր չի մնում: Հուլիս-սեպտեմբեր ամիսներին այստեղից ոռոգման նպատակով վերցվում է մոտ 650-700լ/վրկ ջուր, այսինքն, եթե թողնվի բնապահպանական ելքը, ապա Գաոնիի հողերը հնարավոր չէ ոռոգել: Այսպիսի մտավախություն կա նաև այս ծրագրի դեպքում: Սակավաջուր ամիսներին բնապահպանական ելքի պահպանմանը նույնիսկ ցանկության դեպքում ոչ ոք չի հետևելու:]

2. Ջրատար խողովակի ամբողջ երկայնքով Ազատի կիրճում (մոտ 9կմ) Գառնիի բնակիչներն ունեն սեփականաշնորհված հողատարածքներ, որոնց ոռոգումը, բնականաբար, կատարվում է գետից: Ջրատարի կառուցումից հետո գետում իջնում է ջրի մակարդակը և այս հողերը զրկվում են ոռոգման ջրից: Ծրագրի հեղինակները խոստացան, որ բոլոր բնակիչները կապահովվեն ոռոգման ջրով: Այսինքն, դա նշանակում է, որ նախագծով նախատեսված՝ 900լ/վրկ ջրաքանակը պետք է ավելացվի, իսկ եթե շահագործման ընթացքում պարզվի, որ հնարավոր չէ վերահսկել այստեղ տրվող ջրաքանակը, ուստի հասկանալի է, որ պետք է ավելացվի վերցվող ջրաքանակը` պակասեցնելով բնապահպանական թողքը: Այսինքն, եթե  խնդրիրը դիտարկենք մասնագիտական տեսանկյունից, ապա Ազատի կիրճում ջրատար խողովակի վրա (բարձր ճնշման տակ) ճիշտ չէ ջրթող փականների տեղադրումը, քանի որ մի քանի փականի բացումից հետո անհրաժեշտ քանակի ջուր չի հասնի նախագծով նախատեսված հողերին: Իսկ ջրթող փականներ չտեղադրել, նշանակում է, որ տեղի բնակչությանը զրկել ոռոգման ջրից:

3. 8.000 բնակչություն ունեցող Գառնի գյուղն ունի խմելու և ոռոգման ջրի խիստ կարիք, 700-800 հա տարածություն ամայացել է ոռոգման ջրի պակասի պատճառով: Նախագծում նշված է, որ Արարատի մարզի վերոնշյալ 12 համայնքներում փաստացի ոռոգվում է 1232,0 հա տարածք, Ազատ գետի ջրի շնորհիվ կոռոգվի լրացուցիչ ընդամենը
387 հա տարածք:  Ինչո՞ւ պետք է հսկայական գումարներ ծախսվեն 387 հա լրացուցիչ հողի ոռոգման համար, երբ Գառնիի մոտ հազար հեկտար հողատարածքը մնում է առանց ջուր:

4. Ազատ գետը եզրագծում է Խոսրովի անտառ պետական արգելոցը: Եթե Քաղցրաշենի ծրագիրն իրականացվի եւ ամռան տապին գետը ցամաքի, ապա դա ոչ միայն բացասական ազդեցություն կունենա Գառնիի կիրճի, այլեւ հենց Խոսրովի արգելոցի էկոհամակարգի վրա:

5.Գառնիի կիրճը գտնվում է կիսանապատային և անապատային   լանդշաֆտային  գոտիներում, Ազատ գետի ցամաքեցումը կմեծացնի անապատացման գործընթացները Գառնիի ձորում, ինչն արդեն իսկ նկատվում է սակավաջրության պատճառով:

6. Ծրագիրը խիստ բացասական ազդեցություն կունենա Ազատ գետի ավազանի բուսական եւ կենդանական աշխարհի վրա: Անգամ նախագծում է նշված տեղի հարուստ կենսաբազմազանության մասին: Այստեղ հանդիպում են  250 տեսակի կենդանական աշխարհի ներկայացուցիչներ, որոնց թվում են ՀՀ կարմիր գրքում գրանցված Հարավային Կովկասի գորշ արջը, մուֆլոնը,  բեզոարյան  այծը, ընձառյուծը, հայկական սպիտակատամը  (Crocidura armenica Gureev), միջերկրածովային կրիան (Testudo graeca L.),  փոքր պայտաքիթը (Rhinolophus hipposideros Bechstein): Իսկ բուսատեսակներից Ազատ  գետի ավազանում հանդիպում են  Կարմիր գրքում գրանցված  ծորեն արարատյանը (Triticum araraticum), թեզիում շովիցի (Thesium szovitsii), բազմաթիվ դեղաբույսեր: Սակայն նախագիծը թաքցնում է տեղանքի Կարմիր գրքում գրանցված տեսակների  վրա ներգործությունը,  քանի որ նախագծողները բացառում են կառուցապատման գոտում Կարմիր գրքում գրանցված տեսակների առկայությունը, ինչն անհնարին է:

7. Անհետացման վտանգի տակ կհայտնվեն Ազատ գետում բազմացող ձկնատեսակները` կարմակն խրամուլին, կարմրախայտը, ծածանաձուկը և այլն. նախ շինարարության ընթացքում գետի աղտոտումը կվնասի ձկներին, երկրորդ, եթե շահագործման արդյունքում ամռան տապին գետում ջուր չմնա, ապա բնական է, որ ձուկը կվերանա:

8. Գառնիի կիրճը համարվում է Հայաստանի ամենասիրված զբոսաշրջային վայրերից մեկը: Պետական մարմինները թմբկահարում են, որ մեր երկիրը զբոսաշրջության զարգացման մեծ հեռանկարներ ունի, սակայն անհեռատես քայլերով իրենք իսկ ոչնչացնում են այդ հեռանկարների իրականացման գաղափարը: Մասնավորապես այս դեպքում, Քաղցրաշենի ծրագրի իրականացումը սպառնում է Գառնիի կիրճի բնությանը, որը եւ գրավում է զբոսաշրջիկներին. կիրճում եւ Ազատի ջրամաբարի մոտ նախատեսվում են ծառահատումներ:

Գառնիի բնակչությունը խիստ դեմ է այս հակաբնապահպանական ծրագրի իրականացմանը և պատրաստ է ամեն գնով պայքարել՝ փրկելու Գառնիի բնաշխարհը ԵՂԵՌՆԻՑ:

Պահանջում ենք արգելել այս կործանարար ծրագրի իրականացումը:

Ներկայումս Գառնիի և հարակից համայնքների բնակիչները,  որպես բողոքի ակցիա, ստրագրահավաք են կազմակերպել (արդեն 2000 և ավելի ստորագրություններ են հավաքվել) և պատրաստ են պայքարելու Գառնիի բնաշխարհը վերահաս արհավիրքից փրկելու համար:

ԳԱՌՆԻԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս