«Հայաստանում հիմնական քրեական ուժերն ուղղորդվում են իշխանությունների կողմից». Ավետիք Իշխանյան
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած հանցագործություններին՝ կասկած հայտնեց, որ դրանք կարող ենք կապված լինել Հայաստանի ներքաղաքական այս իրավիճակում ինչ-որ քաղաքական ուժերի թուլացմամբ:
Նա նկատեց, թե նրանք, ովքեր ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն են իրականացրել, տեսած կլինեն, որ ամբողջ ընտրական գործընթացին տարբեր խմբերի համար շատ մեծ թափով աշխատում են քրեական տարրերը. «Այսինքն՝ նրանք կապված են իշխանությունների հետ, որովհետև կեղծիքները, գիտենք՝ հանուն ում են կատարվում, և, թե ինչպես Ոստիկանությունը կանգնած՝ կա՛մ ոչինչ չի անում, կա՛մ, երբ մոտենում ես, ինքը հասկացնում է, որ ինքն անօգնական է դրա դիմաց»:
Ա. Իշխանյանը մի քանի հարց ուղղեց Հայաստանի իշխանություններին, մասնավորապես՝ ՀՀ ոստիկանապետին.
«Եթե չեմ սխալվում, անցյալ տարի ոստիկանապետն ասաց, որ Հայաստանում հեղափոխություն չի լինի, որովհետև իրենք գիտեն, թե ինչպես են շնչում բոլոր կուսակցությունները, որովհետև այնտեղ մարդիկ ունեն: Արդյոք Ոստիկանության գործառույթների մե՞ջ է մտնում՝ քաղաքական կուսակցությունների մեջ ունենալ իր մարդկանց: Ես համոզված եմ՝ ոչ: Իսկ արդյոք Ոստիկանության գործառույթի մե՞ջ է մտնում՝ ունենալ գործակալներ և մարդիկ քրեական աշխարհում, այո՛, ամբողջ աշխարհում էլ այդպես է, և նա պետք է իմանա, թե ինչպես են շնչում քրեական այդ խմբավորումները, ոչ թե կուսակցությունները: Եթե իմանա՝ ինչպես են շնչում, այդ քրեական «ռազբորկաները» չէին լինի»:
Ըստ Ա. Իշխանյանի՝ քրեական աշխարհի և հանցագործների դեմ պայքարելու համար գոյություն ունի 3 սկզբունք՝ կանխարգելում, կանխարգելում և կանխարգելում. «Արդյոք Հայաստանում կանխարգելո՞ւմ են այդ ամեն ինչը, թե՞ հիմնականում Ոստիկանությունը զբաղված է քաղաքական կուսակցությունների մեջ մարդիկ ներդնելով»:
Խոսելով վերջերս Գյումրիի մայրուղու մոտ Հիմնադիր խորհրդարանի անդամներին որոշակի մարդկանց կողմից քաղաք չթողնելու դեպքի մասին՝ Ա.Իշխանյանը նկատեց, որ հանկարծ պարզվում է, որ Գյումրիում ինչ-որ քրեական տարրեր դեմ են Ժիրայր Սէֆիլյանի այցելությանը. «Եթե նման բան է ասվում, ու դրա համար ինչ-որ քաղաքական ուժ շուռ է գալիս, հետ է գնում, որովհետև Ոստիկանությունն ասում է՝ իրենք չեն կանխարգելելու, չեմ հասկանում՝ ինչպիսի երկրում ենք մենք ապրում: Եթե քրեական տարրերը բացահայտ ասում են, որ իրենք խոչընդոտելու են, և Ոստիկանությունն իրենց չի մեկուսացնում, ասում են, որ իրենք չեն խոչընդոտելու այդ քրեական տարրերի երթը խափանելուն, ուրեմն՝ ինչի՞ մասին է խոսքը: Կամ՝ արդյոք քրեական տարրերն այդպես քաղաքականապես հասո՞ւն են, որ հանկարծ նրանք դեմ են Ժիրայր Սէֆիլյանի քաղաքական գծին ու որոշել են նրանց խոչընդոտել: Սա նշանակում է, որ Հայաստանում հիմնական քրեական ուժերն ուղղորդվում են իշխանությունների կողմից»:
Մանրամասները՝ տեսանյութում: