Ադրբեջանական դատարանը երկու ամսով երկարաձգել է Խադիջա Իսմայլովային կալանքի տակ պահելու ժամկետը
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական դատարանն այսօր երկու ամսով՝ մինչ մայիսի 24-ը, երկարաձգել է լրագրողուհի Խադիջա Իսմայլովային կալանքի տակ պահելու ժամկետը:
Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Ֆարիզ Նամազլին: Խադիջա Իսմայլովան կալանավորվել է 2014 թվականի դեկտեմբերի 5-ին: Նա մեղադրվում է Թուրալ Մուսթաֆաևին ինքնասպանության դրդելու մեջ:
Փետրվարի 13-ին դատախազությունը ՔՕ-ի ևս երեք հոդված է ներկայացրել նրան՝ խոշոր գումարների յուրացում (հոդված 179.3.2), ապօրինի ձեռնարկատիրություն՝ խոշոր շահույթ ստանալու նպատակով (հոդված 192.2.2) և ծառայողական լիազորությունների չարաշահում՝ ծանր հետևանքներով (հոդված 308.2):
Քննիչներն Իսմայլովային կալանքի տակ պահելը պարզաբանում են նրանով, որ նա, իբրև թե, կարող է ճնշում գործադրել վկաների վրա և խույս տալ հետաքննությունից: Կալանքի երկարաձգումը շաղկապվում է հավելյալ փորձաքննությունների անցկացման անհրաժեշտության հետ: