Բաժիններ՝

Նազարբաևը խոստովանել է, որ երկրում չէր պլանավորել նախագահական արտահերթ ընտրություններ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը խոստովանել է, որ երկրում չէր պլանավորել նախագահական արտահերթ ընտրություններ: Այդ մասին նա հայտարարել է Կանանց միջազգային օրվա շեմին ղազախ հանրահայտ կանանց հետ հանդիպման ժամանակ.

«Ներկայումս մեկնարկել է ընտրական կամպանիան: Արտահերթ ընտրությունների անցկացման մասին գաղափարը հիմնականում աջակցություն է ստացել կանանց կողմից: Անկեղծ ասած՝ իմ անձնական պլանները եղել են ընդհանրապես այլ:

Ես արդեն քիչ ժամանակ չէ, որ ղեկավարում եմ Ղազախստանը, կանգնած եմ անկախության ակունքներում: Միգուցե ժամանակն է փոխել դեկորացիան, ինչպես որ ասում են թատրոնում: Ես այդպես եմ կարծում»:

Նազարբաևը փետրվարի 25-ին ստորագրել է ընթացիկ տարվա ապրիլի 26-ին երկրում նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հրամանը: Ղազախստանի ԿԸՀ-ը հայտնել է, որ պաշտոնական գրանցման համար  հայտ է ներկայացրել 9 թեկնածու:

Ղազախստանում նախագահական ընտրությունները պետք է անցկացվեին 2016 թվականին: Սակայն հաջորդ տարի անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ, ինչի համար էլ որոշվել է նախագահական ընտրություններն անցկացնել վաղաժամ:

Նազարբաևը Ղազախստանը գլխավորում է 1989 թվականից՝ նախ զբաղեցնելով Ղազախստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի, ապա՝ Ղազախստանի նախագահի պաշտոնները:

Ղազախստանում նախագահական նախորդ ընտրություններն անցկացվել են 2011 թվականի ապրիլին: Նազարբաևը դրանց արդյունքներով հավաքել էր քվեների 95.5 տոկոսը՝ գրանցելով նոր ռեկորդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս