![](/banners/BeFunky-design.jpg)
Վահե Գրիգորյանը՝ մարտի 1-ի և Հյուսիսային պողոտայի բնակիչների նկատմամբ դատարանների վերաբերմունքի մասին
![](https://168.am/wp-content/uploads/2015/02/Vahe-Grigoryan.jpg)
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր ավարտվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը, որին մասնակցեց 14 հավակնորդ: Հարցազրույցի ընթացքում մասնակիցներին տրվել են տարբեր հարցեր, սակայն ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը բոլոր հավակնորդներին խնդրում էր ներկայացնել ՀՀ պատմության ընթացքում տեղի ունեցած անարդարության, խտրականության դրսևորման, հակաժողվրդավարական դեպքերի օրինակներ:
Մրցույթի մասնակիցների մի մասը որպես հակաժողովրդավարական դեպք մատնանշեց 2008թ. մարտի 1-ի դեպքերը:
Հավակնորդներից Վահե Գրիգորյանը ամենաանարդարը համարեց Հյուսիսային պողոտայի բնակիչների նկատմամբ դատարանների վերաբերմունքը. «Ես այստեղ ուզում եմ հատկապես նշել՝ խնդիրը նրանում չէ, թե ինչ է տեղի ունեցել այդ մարդկանց հետ և ինչպես են նրանց իրավունքները խախտվել: Խնդիրը նրանում է, թե ինչպես են դրան վերաբերվել հայաստանյան դատարանները: Անարդարությունը չի գալիս նրանից, որ այդ մարդկանց սեփականազրկել են: Անարդարությունը գալիս է նրանից, թե ինչպես են դատարանները վերաբերվել այդ սեփականազրկմանը»:
«Նրանք արդեն մոռացել են կառուցապատողներին և բոլոր նրանց, ովքեր նրանց բռնությամբ իրենց տներից հանում էին: Միակ մարդիկ, որոնք մնացել են նրանց հիշողության մեջ, դատավորների վերաբերմունքն է»,- շարունակեց նա: Որպես հակաժողովրդավարական ամենավառ դրսևորում Վահե Գրիգորյանը վկայակոչեց ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակայնության սահմանափակումը: «Սա նույն ազդեցությունն ունեցավ երիտասարդ ժողովրդավարության համար, ինչ մանուկ երեխայի վրա մետաղյա զսպաշապիկ հագցնելը: Դա ընդհանրապես անպատկերացնելի էր մեր իրողության պայմաններում: Այն տեղի ունեցավ, և մենք այսօր բոլոր բացասական հետևանքները, որ տեսնում ենք ժողովրդավարության կաղալու գործում, դրանցում որոշակիորեն և շատ ընդգծված ձևով այս գործոնի ազդեցությունը կա»,- ասաց փաստաբանը:
Վահե Գրիգորյանը խտրական վերաբերմունքի դրսևորում համարեց 2008թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի և դրան հաջորդած իրադարձությունների ընթացքում քաղաքական այլախոհների նկատմամբ ակնհայտորեն դրսևորված խտրական վերաբերմունքը: