«Տեր-Պետրոսյանն ու նրա նմանները դեստրուկտիվ էլեմենտներ են մեր քաղաքական կյանքում»

Հարցազրույց մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի հետ

– Վերջին օրերին անսպասելիորեն բռնկվեց ու նույնքան անսպասելիորեն էլ մարեց ՀՀԿ-ԲՀԿ «պատերազմը»: Այսօր էլ դեռ որոշ գործիչներ շարունակում են վստահեցնել, որ Գագիկ Ծառուկյանն իսկապես որոշել էր դուրս գալ ընդդեմ ներկայիս իշխանությունների, հասարակության մի հատվածն իսկապես հավատացած էր, որ նա կպայքարի իշխանության դեմ: Ըստ Ձեզ` ինչո՞ւ երկրում քաղաքական դիսկուրսի նշաձողն այսքան իջավ:

– Ես քաղաքական դիսկուրս այս գործընթացներում չեմ տեսել, տեսել եմ ներկլանային պայքարի էլեմենտներ: Այսինքն` հասկանալի է, որ ՀՀ-ում այսօր իշխանությունն օլիգարխիկ խոշոր բիզնեսի ձեռքին է, որովհետև առաջին դեմքերը երկրի ամենահարուստ դեմքերն են: Առաջացել են օլիգարխիկ փողատերեր, որոնց բիզնեսի մեծ մասը ստվերում է, նրանց գործունեությունը հիմնականում`անօրինական, քանի որ սահմանադրությամբ արգելված է բիզնեսը համատեղել պետական բարձր պաշտոնների, պատգամավորության հետ, և այլն:

Այդ մարդկանց մեջ առաջացան խմբավորումներ, իսկ այդ խմբավորումների միջև` տարաձայնություններ: Եթե նախկինում այդ տարաձայնությունները կարգավորվում էին կուլիսային բանակցությունների արդյունքում, ապա այսօր ինչ-ինչ պատճառներով տարաձայնությունները դուրս եկան կուլիսներից, որն էլ հանգեցրեց դրանցից մեկի մոտ գայթակղության: Խոսքը ԲՀԿ կոչվող խմբավորման մասին է, որ փորձ արեց իր հետևից տանել, ժողովրդին ներքաշել օլիգարխիկ վերնախավերի մեջ առկա տարաձայնությունների դաշտ:

Այսինքն` իրենք փորձեցին հասարակությանը ներքաշել իրենց հակամարտության մեջ: Հակված չեմ այս գործընթացներն անվանել «քաղաքական», քաղաքական գործընթաց չկա, քանի որ քաղաքական գործընթացն իր հիմքում անպայման ունենում է որոշակի գաղափարական բաղադրիչ: Ես կանվանեի այս ամենը քաղաքական, եթե իշխող ուժ ՀՀԿ-ին, որն իր կուսակցական գաղափարախոսությունը կառուցում է ազգայնականության վրա, հակադրվեր ԲՀԿ-ն, որը կունենար ոչ ազգայնական, այլ խիստ դեմոկրատական, սոցիալ-դեմոկրատական կամ սոցիալիստական գաղափարական հենք` դրանով իսկ հակադրվելով իշխող ուժին: Բայց ուժերի նման դասավորություն ՀՀ-ում չկա, ուստի մենք չենք կարող այս գործընթացներն անվանել «քաղաքական»:

Այլ հարց է, որ ոմանք, հաշվի առնելով տվյալ օլիգարխիկ կառույցների, խմբավորումների ուժային, ֆինանսական, ադմինիստրատիվ ռեսուրսները, փորձում են դրան քաղաքական իմաստ հաղորդել, բայց քաղաքական իմաստ այս ամենում չեմ տեսնում: Սա համարում եմ օլիգարխիկ վերնախավում առաջացած ազդեցությունների գոտիների բաշխմանն առնչվող հակամարտություն: Այն ամփոփվեց այնպես, ինչպես առաջացել էր: … Այսինքն` ժողովրդի լեզվով ասած, «կռիվ են արել, հիմա էլ բարիշում են» կոնտեքստում է գնում գործընթացը: Եթե մենք սա անվանենք քաղաքական, ճիշտ չենք ախտորոշի մեր իրավիճակը, իսկ եթե մենք չանվանենք քաղաքական, կհասկանանք, որ, ըստ էության, քաղաքական ուժեր չունենք:

Որպեսզի ՀՀ-ն` որպես պետություն, կայանա, անհրաժեշտ է ձևավորել քաղաքական ուժեր: ԲՀԿ-ն չի կարող համարվել ընդդիմադիր կուսակցություն, և ընդհանրապես ԲՀԿ-ին չի կարելի համարել կուսակցություն: Նույնը կարող եմ ասել նաև ՀՀԿ-ի մասին: ՀՀԿ-ն փողատեր վերնախավի կողմից ձևավորված խմբակ է, որում ընդգրկված մարդիկ, շարքային անդամներն այդ կուսակցությանն անդամագրվել են հույսով, որ մոտ կլինեն գումարի տոպրակին, և նրանցից յուրաքանչյուրն այդ հիերարխիկ կառույցում գրաված դիրքին համարժեք ինչ-որ մի կոպեկ կտանի իր տուն` ընտանիք պահելու համար: Նրանք ընտանիք պահելու խնդիր լուծող մարդիկ են: Սա այն գործընթացը չէ, որ կարելի է քաղաքական հասկացություններով կառավարել ու ուղղորդել, այստեղ իրականացվում է մակերեսային PR, որով փորձում են մանիպուլյացնել հասարակության ոչ գիտակից, ընչազուրկ զանգվածին, որը բավականին մեծ տոկոս է կազմում ՀՀ-ում:

– Փաստորեն, և՛ 2008թ., և՛ 2014-2015թթ. քաղաքական նախաձեռնությունները, որոնց գործունեության թատերաբեմը պետք է դառնար Ազատության հրապարակը, արժանացան միևնույն ճակատագրին, թեև Լևոն Տեր-Պետրոսյանը, ով այս շարժումների գաղափարախոսության հեղինակն է, դեռ շարունակում է հույս ունենալ, որ քաղաքականության մեջ Գագիկ Ծառուկյան տեսակն իր վերջին խոսքը դեռ կասի: Այս փակուղուց դուրս գալու ելքը ո՞րն է:

– Ծանոթացել եմ Լ. Տեր-Պետրոսյանի վերջին երկու հրապարակումներին: «Սրտիս պարտք»-ը հոդվածում տեսնում եմ նրա սահմանափակությունը հայաստանյան գործընթացները հասկանալու հարցում և թերագնահատումն այն ֆինանսական օլիգարխիկ շրջանակների, որոնց նա անվանում է բուրժուական հեղափոխության շահագրգիռ ապագա սուբյեկտ: ՀՀ-ում չկան այնպիսի փողատերեր, որոնք ՀՀ-ում կցանկանան բուրժուադեմոկրատական պետություն կայացնելու շահեր հետապնդել, որովհետև այն փողատերերը, որոնք կցանկանան` ՀՀ-ն լինի բուրժուադեմոկրատական պետություն, պետք է գործեն ոչ թե ստվերային ու քրեական բիզնեսի օրենքներով, այլ ամենաքիչը պետք է լինեն արևմտյան տիպի կապիտալիստներ, որոնց համար արդեն կարևոր է ազատ մրցակցությունը, այլ ոչ թե պետական հովանավորչությամբ և պետական լծակների միջոցով փող կուտակելը:

Ինչպես Գ. Ծառուկյանը, այնպես էլ` մեր բոլոր օլիգարխները, հարկեր չեն վճարում լիարժեք, իսկ դա արդեն իսկ նրանց այն հատկանիշն է, որը դեմ է բուրժուադեմոկրատական գործընթացներին ՀՀ-ում: Այսինքն` իսկապես իրենք իրենց շահերով դեմ են այդ գործընթացներին, նրանք չեն կարող կողմ լինել դրան:

Իրենք այն ուժերը չեն, որոնց հանդեպ Տեր-Պետրոսյանը նման երազանքներ պետք է տածեր: Ես կարծում եմ, որ Տեր-Պետրոսյանը ևս մանիպուլյացնում է` օգտագործելով մի շարք գեղեցիկ տերմիններ: Նա շատ լավ հասկանում է, թե ով է Գ. Ծառուկյանը, և ինքն էր տարիներ առաջ Գ. Ծառուկյանին դասում Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի շարքում, ովքեր, ըստ նրա, երկիրը կործանողներն էին: Այս տարիների ընթացքում Գ. Ծառուկյանի բնույթը չի փոխվել:

Իսկ Լ. Տեր-Պետրոսյանը նրա հետ կապված ինչ-ինչ հույսեր ունի, այնինչ դրանք օդի մեջ բաներ են, մանիպուլյատիվ են: Շատ վատ է, որ առաջին նախագահը, որն իրեն պատիվ է համարում հիմնադիր նախագահ անվանել, այսօր այս ծայրահեղ ծանր վիճակում մանիպուլյացնում է իր ժողովրդին, օգնում է խոշոր ուժերին` մանիպուլյացնել իր երկրի հասարակությանը:

Այն դեպքում, երբ այդ մանիպուլյացիան մեզ կործանման է տանում: Այսինքն` իրենք քաղաքականություն չեն վարում, այսօր չկա քաղաքականություն վարող ուժ: Բոլորը մանիպուլյատիվ գործողություններ են անում: Իհարկե, իրենք դա անվանում են քաղաքականություն, բայց ես համաձայն չեմ դա անվանել քաղաքականություն, քանի որ նույն Լ. Տեր-Պետրոսյանը, երբ խոսում է բուրժուադեմոկրատական հեղափոխության մասին, որևէ լուրջ գաղափար չի ներկայացնում հանրությանը:

Օրինակ` չի ասում, որ իրենք պետք է ազատ մրցակցային միջավայր ձևավորեին և այդ միջավայրին հասնելու համար ինչ քայլեր են նախատեսում, ինչ են անելու, որ 10 հազար դոլար ներդրման ունակություն ունեցող մարդը մտնի շուկա և մրցունակ լինի 1 մլն դոլար ունեցողի հետ օրենքի պայմաններում: Բայց եթե Տեր-Պետրոսյանը ցանկանում է բուրժուադեմոկրատական պետություն կայացնել, նման խնդիրների մասին պետք է խոսի, այլ ոչ թե` մանիպուլյատիվ և օդում կախված ինչ-որ բաների: Հոդվածներ են գրում, որպեսզի հետո, եթե անհրաժեշտ լինի, դրա հիմքի վրա անցնեն մանիպուլյացիաների:

Եթե ամփոփեմ, ապա այս բոլոր գործընթացները գնահատում եմ չափազանց բացասական և համարում եմ շատ վնասակար ՀՀ-ում քաղաքական գործընթացների ձևավորման և քաղաքական դաշտի կայացման համար: Այս բոլոր գործընթացներն ուղղված են այդ դաշտի քայքայմանը:

– Եթե բոլոր քաղաքական դերակատարները քայքայում են քաղաքական մշակույթը, և մեր առջև ծառացած է նոր մշակույթ ձևավորելու խնդիր, ինչպե՞ս պետք է ձևավորել այն, եթե չկան ձևավորողներ:

– Անհրաժեշտ են մարդիկ, որոնք կկարողանան խմբավորվել` ձևավորելով նոր կուսակցական կառույցներ, հիմքում ունենալով քաղաքական մտածողություն: Հին սերունդը խայտառակ ու վատ սերունդ է: Ինչ-որ կերպ նրանցից ազատվել է պետք, քաղաքական դաշտը մաքրել է պետք: Նույն Լ. Տեր-Պետրոսյանն ու իր նմանները դեստրուկտիվ էլեմենտներ են մեր քաղաքական կյանքում: Այդ սերունդն ընդհանրապես դեստրուկտիվ սերունդ է:

Նրանց մի մասը սովետական շրջանում դիսիդենտներն էին, մի մասը` կոմունիստական ֆունկցիոներներ, այսինքն` նրանք բոլորը դաստիարակվել են սովետական ոգով, և նրանց մտածողությունն այդ կոնտեքստում է, ինչ էլ որ անենք, նրանք չեն կարողանում անջատվել դրանից: Մենք նույնիսկ չգիտենք նրանց անցյալը, չգիտենք` որտեղից են նրանց մանիպուլյատիվ սցենարները գալիս, մեզ անհրաժեշտ է դրանցից ազատվել ինչ-որ կերպ: Ես, անկեղծ ասած, դեստրուկտիվ էլեմենտներից ազատվելու իրատեսական սցենար չգիտեմ:

Տեսականորեն ելքը հետևյալն է, եթե ՀՀ-ում ի հայտ գան մարդիկ, որոնք առաջ կքաշեն գաղափարներ` պետության և հասարակության զարգացմանն ուղղված, որոնք հիմնված կլինեն այսօր աշխարհում առկա քաղաքական գաղափարախոսությունների վրա, կկարողանան դրանք հասկանալի լեզվով մատուցել հասարակությանը, և հասարակությունն այդ ծրագրերում կտեսնի իր շահը և դրա համար դուրս կգա փողոց քաղաքական պայքարի, այդ ժամանակ ՀՀ-ն կունենա ապագա: Քանի դեռ նման գործընթացներ մեր երկրում չկան, մենք չունենք ապագա:

Տեսանյութեր

Լրահոս