Թուրքերն անգամ ամենաչնչին պատկերացում չունեն իրենց անցյալի մասին. Արսինե Խանջյան
Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ` կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը գտնվում է Թուրքիայում, նա !f միջազգային 14-րդ անկախ կինոփառատոնի ժյուրիի երեք անդամներից մեկն է: Թերթին տված հարցազրույցի ժամանակ Արսինե Խանջյանն անդրադարձել է հայերի, թուրքերի, Թուրքիայի ու Սփյուռքի խնդիրներին.
«Այստեղ հնարավորություն եմ ունեցել խոսել թուրքերի հետ և հասկանալ, թե ինչու է թուրք հասարակությունը ցեղասպանության հարցում վարվում այդպես: Ես նկատեցի, որ թուրքերը չգիտեն իրենց պատմությունը:
Ձեր ողջ կյանքի ընթացքում դուք մեղադրվում եք անցյալի համար, սակայն իրականում դուք անցյալի համար չունեք անգամ ամենափոքր պատկերացում:
Թուրքիայում ներկայացվում է ցեղասպանության հերքման վրա կենտրոնացած ու աղճատված պատմություն և թուրքերը խճճվում են Հայոց ցեղասպանության հետ առերեսման հարցում: Արդեն հասկանում եմ, որ դա շատ բարդ բան է:
Սփյուռքում շատ մեծ ակնկալիքներ չունեն Թուրքիայի հայերից: Սփյուռքը տեղյակ է, որ Թուրքիայի հայերն ապրում են վախի մթնոլորտում: Սփյուռքը կորցրել է Թուրքիայի հայերի հետ կապը:
Եթե անգամ կորցնենք էլ մեր ժառանգությունը, մարդկանց, կրոնը, մշակույթն ու պատկանելության զգացումը, ապա դրանք մնացած կլինեն Թուրքիայում, կարող ենք պահել ու շարունակել այստեղ ապրել շարունակող մարդկանց մեր շփումները:
Մենք գիտենք, որ Ստամբուլում շարունակում են ապրել մարդիկ, որոնք ասում են, որ «իրենք հայ են»: Վերջին շրջանում սկսել եմ հասկանալ, թե ինչ է նշանակում Ստամբուլի նման մեծ քաղաքում, Թուրքիայում հայ լինելը:
Չեմ ասում, թե ամբողջովին եմ հասկացել, սակայն սկսել եմ քիչ թե շատ հասկանալ: Հինգերորդ անգամ եմ գալիս Թուրքիա և երրորդ անգամ եմ գտնվում Ստամբուլում»:
Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հաջորդելիք զարգացումների մասին` Խանջյանը հայտարարել է, որ 100-ամյակի հիշատակի միջոցառումները միտված են պատմությունը վառ պահելուն.
«101-րդ տարելիցի ժամանակ անելու ենք նույնը, շարունակելու ենք աշխատել: Վերջապես հասել ենք մի կետի, երբ կարող ենք խոսել Թուրքիայի քաղաքացիական հասարակության հետ:
50 տարի առաջ ցեղասպանության թեմայով չէր խոսվում: Սակայն արդեն այդպես չէ: Հատկապես այդ պատճառով էլ կարևոր եմ համարում հիշատակի միջոցառումները»:
Անդրադառնալով ցեղասպանության մասին Ֆաթիհ Աքինի The Cut («Սպի») ֆիլմի հետ կապված դժգոհություններին, որ այն բավականաչափ չի ներկայացնում ցեղասպանությունը` Խանջյանն ահնար է համարել ցեղասպանության մասին ֆիլմից հայ հանդիսատեսի ակնկալիքներն ամբողջովին բավարարելը.
«Ցեղասպանության մասին այնքան երկար ժամանակ է լռություն տիրել և չի խոսվել, որ հասել են մի կետի, երբ հայ հանդիսատեսը չգիտի անգամ, թե ինչ է ցանկանում տեսնել կինոթատրոնում: Նրանք ցանկանում են, որ ցեղասպանության մասին ֆիլմը պատմի ամեն ինչի մասին, սակայն անգամ նրանք չգիտեն ամեն բանի մասին:
Եթե անգամ Սպիլբերգը ֆիլմ նկարահանի, ապա այն չի լինի «Շինդլերի ցուցակի» նման բան (ֆիլմը պատմում է նացիստական խմբավորման անդամ Օսկար Շինդլերի իրական պատմությունը, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ փրկում է ավելի քան հազար հրեայի – 168.am):
Պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց սկսեցին պատմել Հոլոքոսթի պատմությունների մասին, և հրեաները չունեցան պատմությունն արտացոլող ֆիլմի կարիք: Մինչդեռ հայերի դեպքում իրավիճակը չզարգացավ նման կերպ:
Չկարողացանք ցեղասպանությունը ներկայացնել տարբեր կողմերից և այժմ փնտրում ենք ցեղասպանության բոլոր պատմություններն ի մի բերող ֆիլմ: Դա հաջողեցնելն անհնար է: Ըստ իս` ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանող յուրաքանչյուր ռեժիսոր պետք է հաշվի առնի դա»: