«Ծառուկյանը Կրեմլում լոբբիստական խումբ է փնտրում, բայց Կրեմլը հակված է աշխատել Սերժ Սարգսյանի հետ». Դուբնով

168.am-ի զրուցակիցն է ռուսաստանցի հեղինակավոր վերլուծաբան Վադիմ Դուբնովը:

– Պարոն Դուբնով, այն բանից հետո, երբ  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդը պաշտոնական այցով եղավ Մոսկվայում և հանդիպումներ ունեցավ Պետդումայի պատգամավորների հետ, ըստ որոշ տեղեկությունների՝ հանդիպումներ ունեցավ մերձիշխանական շրջանակների հետ՝  ներկայացնելու համար ոչ իշխանական ուժերի Եռյակի ծրագրերը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթով հանդես եկավ և կոշտ քննադատության ենթարկեց  Ծառուկյանին: Պատճառ ունե՞ր արդյոք Սերժ Սարգսյանը նրա հենց մոսկովյան այցին նման կերպ արձագանքելու համար, այսինքն` Ռուսաստանը հույսեր կապո՞ւմ է ԲՀԿ առաջնորդի հետ:

– Իմ համոզմամբ` Մոսկվան պարզապես վերջին կաթիլն էր Սերժ Սարգսյանի համար: Վերջապես դա տեղի ունեցավ, նախագահի առջև մի քանի  քաղաքական խնդիրներ էին դրված, և ես կարծում եմ, որ այս սուր  ելույթը  ծրագրված էր, պարզապես տեղի ունեցավ շատ ավելի շուտ, քան մենք բոլորս սպասում էինք, դրանում է կայանում այդ ելույթի աղմկահարույց ընկալումը: Այն  անխուսափելի էր, և ես, անկեղծ ասած, չէի սպասում նման  կտրուկության, բայց եթե ետ տանք իրադարձությունները, փոքր-ինչ մտածենք, ապա  այն բացատրելի է: Այսինքն` ԼՂ հակամարտության գոտում լարվածություն, իրավիճակի սրում Գյումրիի շուրջ, սահմանադրական բարեփոխումների հարցն է առջևում, պետք է ընտրությունների պատրաստվել և պատրաստել ամենակարևորը` ժառանգորդին: Մեծ հաշվով, սա այն պահն է, երբ այս իշխանությունը պետք է սկսի ամրացնել իր դիրքերը, եթե ցանկանում է  պահել իշխանությունը: Ուստի, ամեն ինչ տրամաբանական է, պարզապես Սերժ Ազատիչի կատարմամբ սա փոքր-ինչ արտասովոր էր:

– Իշխանափոխության ճանապարհին Եռյակը կամ Ծառուկյանը կարո՞ղ են ունենալ Կրեմլի աջակցությունը:

– Հայաստանն ամենահարմար օրինակն է, որի վրա կարելի է ուսումնասիրել Կրեմլի բոլոր հարկերն ու  աշտարակները: Ես կարծում եմ, որ և՛ Ծառուկյանը, և՛ Սարգսյանը, և՛ հայաստանյան բոլոր մյուս քաղաքական գործիչները փորձում են գտնել իրենց  մարդկանց Կրեմլում, իրենց լոբբիստական խմբին Կրեմլում, այսինքն` Ծառուկյանի դեպքում ողջ Կրեմլի մասին չէ խոսքը: Ես կարծում եմ, որ Կրեմլը  կամ Կրեմլի գլխավոր աշտարակն ամբողջությամբ հակված է՝ ի օգուտ Սերժ Սարգսյանի: Բայց այս երեք տարիների ընթացքում  բոլոր քաղաքական ուժերը, որոնք հավակնություններ ունեն, փորձելու են Կրեմլում աջակցություն և լոբբիստական խումբ ձևավորել՝  հավասարակշռությունը վերականգնելու համար: Իսկ ներկայիս դասավորությունն ի օգուտ իշխանությունների է:  Կաթիլ-կաթիլ փորձելու են կուտակել մոսկովյան ռեսուրսներ: Դեռևս ես կարծում եմ, որ ողջ Կրեմլի աջակցությունը գրավելու մասին խոսք չկա:

– Ըստ Ձեզ` Կրեմլին, ՀՀ ներկայիս արտաքին քաղաքականության պայմաններում, ՀՀ իշխանություններից հավելյալ նվիրվածություն պե՞տք է:

– Փոքր-ինչ, միգուցե, ավելիի ցանկություն լինի, բայց Կրեմլի համար, էլի եմ ասել, որ Հայաստանը ֆոնային ռեժիմի տակ է գործում: Կրեմլի համար կարևորագույն քաղաքական գործընթացները Հայաստանում չէ, որ ընթանում են: Հայաստանում նոր օջախ ստանալը Ռուսաստանն ամենաքիչն է ցանկանում: Ուստի, Կրեմլի համար կարևոր են այնպիսի իշխանությունները, որոնք  կկարողանան երաշխավորել իրեն անցանկալի անակնկալներից: Ուստի հենց այն փաստը, որ Ծառուկյանը  կարող է հրապարակ հավաքել, Կրեմլի  համար  հուսադրող չէ: Ուստի, ես կարծում եմ, որ այսօր Կրեմլը հակված է Սերժ Սարգսյանին: Ինչ վերաբերում է  ապագային, ապա դա կախված է նրանից, թե ինչպես կձևավորվեն հետագա հարաբերությունները, այդ թվում և՝ անձնական:

Պարոն Դուբնով, Դուք գիտեք, որ Եռյակի ետևում շատ փորձագետներ տեսնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, և հատկապես, երբ նա ամեն կարևոր իրադարձությունից հետո հանդես է գալիս իր հրապարակային մեկնաբանություններով, շատերը չեն բացառում նրա վերադարձը, ով ևս համարվում էր ռուսամետ նախագահ: Մշտապես խոսակցություններ կային նաև այն մասին, որ ՌԴ ներկայիս իշխանությունների հետ Քոչարյանն ունի անձնական լավ հարաբերություններ:

– Ռոբերտ Սեդրակովիչի վերադարձի մասին խոսում էին  և՛ երեկ, և՛ այսօր, և՛ երեկ չէ առաջին օրը, և՛ նրա ժառանգորդի կառավարման ողջ  պատմության ընթացքում: Ես կարծում եմ, որ  հիմնականում  նա ինքն է նման տպավորություն ստեղծում:  Իմ համոզմամբ` այս տպավորւթյունը մեծապես միֆ է, թեև Քոչարյանը, չեմ հերքում, որ Կրեմլում ունի իր լոբբիստական խումբը,  ներքին ռեսուրսներ ևս նա ունի: Այս հարցն ավելի շատ կախված է ներքին ինտրիգներից, քան արտաքին:

– Ենթադրաբար՝ ոչ իշխանական ուժերի Եռյակն առաջիկա ամիսներին կսկսի մեծ թափով աշխատել: Ի՞նչ զարգացումներ եք սպասում: Մոսկվայի արձագանքը դրան ինչպիսի՞ն կլինի:

– Կարծում եմ, որ միակ, «ցեմենտը», որը կարող է այս ուժերին (նկատի ունի՝ ոչ իշխանական ուժերի Եռյակի մաս կազմող երեք ուժերին.- Ա.Մ.)  միավորել, գործող նախագահ Սերժ Սարգսյանն է: Մինչ այս պահը Եռյակի մաս կազմող ուժերն ինքնաբուխ էին գործում, որովհետև նրանում ընդգրկված են շատ տարբեր ուժեր:  Տեղի ունեցածը նրանց ժամանակավորապես կմիավորի, ինչը նշանակում է, որ իրենց տարաձայնությունները ժամանակավորապես մի կողմ կդնեն: Իսկ Կրեմլի մասին արդեն ասացի կարծիքս:

Տեսանյութեր

Լրահոս