«Սա չի կարելի գցել խմածության վրա, ոչ մի պարագայում». Հոգեբանը՝ ռազմական ինստիտուտում տեղի ունեցած սպանության մասին
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինտիտուտում տեղի ունեցած սպանության դեպքի ամենակարևոր գործոններից մեկը, ըստ հոգեբան Սամվել Խուդոյանի՝ «իմ դեմ խաղ չկան է»: Հոգեբանը կարծում է՝ այս ամենը պայմանավորված է եղել նրանով, որ այդ խմբի լիդերի հայրը բարձր պաշտոն է գրավել, և այդ առաջնորդը, բնականաբար, ոչ առաջին անգամ է դիմել նման քայլերի, որոնք չեն պատժվել, և համապատասխան արձագանք չեն ստացել:
Հոգեբան Սամվել Խուդոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս դեպքը «բավականին ցնցող» համարեց մեր հասարակության համար և սրա հոգեբանական բացատրությունները մի քանի տեսանկյուններից դիտարկեց: Ըստ նրա՝ առաջին գործոններից մեկը ագրեսիան է, և առհասարակ տղայական ինքնահաստատաման ձևն ագրեսիայի միջոցով է իրականացվում: «Ագրեսիան այս տարիքում խիստ բարձր է, այն պարզապես սարսափելի բարձր է դեռահասների շրջանում, և դեռահասության ճգնաժամի կարևոր մասը պայմանավորված է այդ ագրեսիայով: Հետո նրանց մտածելակերպը բավական ծայրահեղական է. ամեն ինչ սև ու սպիտակի վրա է ընկալվում: Տղաններն այս ձևով են փորձում հասնել դիրքի ու տարիքային գործոնը այստեղ կարևոր է: Մյուս հանգամանքը՝ հենց այդ տղայական միջավայրն է, որովհետև դա էլ նպաստում է ագրեսիվությանը. տղաների խումբը կամ իր ներսում պետք է կռիվ անի, կամ էլ ուրիշ խմբերի հետ: Եվ վերջապես բանակային միջավայրը՝ նորից ագրեսիվության բարձր մակարդակն է այնտեղ գործում, և, բնականաբար, խեղճուկրակության, վախկոտության հանգամանքները հնարավորին չափ նվազեցվում են բանակում»:
Հոգեբանի խոսքով՝ մարդը սովորաբար այդպիսի քրեական հանցագործության չի դիմում՝ մի պարզ պատճառով՝ վախենում է պատժից: Նույնիսկ ամենահզոր էմոցիայի դեպքում էլ մարդուն հետ է պահում պատժից խուսափելու վախը:
Սամվել Խուդոյանի կարծիքով՝ այս դեպքում եղել են նախադեպեր, որ այդ տղան չի պատժվել, և մյուս տղաններն էլ, ըստ երևույթին, կարծել են՝ դե, քանի որ նա է, կարող են ամեն ինչ անել: «Այդպիսի քայլի գնալ ու հետևանքների մասին չմտածել՝ կարող է անել միայն այն մարդը, որը մի քանի անգամ արել է վատ քայլեր ու չի պատժվել, յուրահատուկ վերաբերմունք է նրա նկատմամբ եղել և՛ դասախոսների, և՛ միջավայրի կողմից, և դա էլ նրան «դուխ» է տվել, ոգևորել է»,- ասում է նա:
Հոգեբանը նաև այլ վարկած նշեց՝ հիշեցնելով նրանց խմածության մասին տեղեկությունը: Նրա կարծիքով՝ խմածությունն ընդհանրապես ամեն ինչ սրում է. և՛ ագրեսիվությունը կարող է սրել, և՛ «անքննադատությունը», բայց բոլոր դեպքերում խմած մարդկանց խմբում, ըստ նրա, մեկ-երկուսը միշտ գտնվում են, որ սթափ են լինում և հետ են պահում մյուսներին: «Հետազոտություններն են նույնիսկ ապացուցել, որ ցանկացած խմած մարդկանց խմբում, նույնիսկ ամենահարբած վիճակում, գտնվում են 1-2-ը, որոնք հետ են պահում ծայրահեղ գործողություններից: Շատ արագ սթափվում են, երբ վախի զգացողություն է առաջանում, մեկը մյուսին հետ է պահում: Բայց այս դեպքում դա տեղի չի ունեցել, ըստ երևույթին, իրենց անպատժելիության գիտակցումից՝ «ինչ արել ենք, անցել ա, սա էլ կանցնի»»:
Հոգեբանը նաև նկատեց, որ հնարավոր է՝ խմած մարդն առավոտյան արթնանա և ոչինչ չհիշի, բայց բոլոր դեպքերում՝ ամենախմած վիճակում էլ հսկողությունն առկա է լինում: «Սա չի կարելի գցել խմածության վրա, ոչ մի պարագայում. այն ունեցել է իր նախապատմությունը»:
Սամվել խուդոյանը նաև պատմեց, որ ինքը շատ անգամներ է եղել այդ ինտիտուտում, դասախոսություններ է անցկացրել և շատ լավ տպավորություն է ստացել այնտեղից՝ և՛ դասախոսներից, և՛ ուսանողներից: Բայց այս պարագայում, ըստ նրա, պետք է կանխատեսվեր, որ ինչ-որ հարաբերություններ են լարվել, և այդ ուղղությամբ մարդիկ պետք է նախօրոք աշխատանքներ տանեին: «Ընդհանրապես այսպիսի դեպքերում, երբ հայրը, զավակը, կամ նույնիսկ ուրիշ հարազատը, որոնք նույն խմբում են և որտեղ հայրը ղեկավար դիրքի վրա է գտնվում, ավելի խիստ պետք է լինեն հարազատները՝ հօգուտ իրենց երեխայի»,- ասում է հոգեբանը:
Լուսանկարը՝ հեղինակի