Բաժիններ՝

Վարդան Այվազյանի համար «Շրջանառության հարկի մասին» օրենքի կամավոր տարբերակն ընդունելի չէ (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն այսօրվա ասուլիսի ժամանակ խոսելով «Շրջանառության հարկի մասին» օրենքի մասին՝ նշեց, որ պետք է ֆիքսվի` տվյալ տնտեսվարող սուբյեկտն իրականում 58 միլիոն շրջանառություն ունի՞, թե՞ չունի. «Եթե մենք չկարողացանք դա ֆիքսել, ապա դուրս է գալիս, որ կարող է շատ ավելի բարձր՝ 500, 600 միլիոն շրջանառություն ունեցողը գտնվի դրա տակ, և նրա նկատմամբ դու տաս հարկային արտոնություն»:

Վ. Այվազյանի խոսքով՝ խնդիրը փոքր բիզնեսը չէ, օգնությունը պետք է փոքր բիզնեսին տալ, բայց այդ փոքր բիզնեսով պետք է կարողանալ շրջանառությունը ֆիքսել. «Եթե մարդ ունի 400, 500 կամ 200 միլիոն շրջանառություն ու ՀԴՄ չի խփում, ի՞նչ պետք է անես: Մեխանիզմների մյուս կողմը՝ մաքսային սահմանը, պետք է ամբողջապես թափանցիկ լինի»:

Վ. Այվազյանը պարզաբանեց նաև, թե ինչու են ՓՄՁ-ների ներկայացուցիչները համաձայն 5 տոկոս հարկ վճարել, քան փաստաթղթավորում անել. «Եթե ինքը 5 տոկոս է տալիս, բայց իր շրջանառությունը թաքցնում է, ինչի՞ 5 տոկոսն է տալիս՝ 58-ի՞ 5 տոկոսը: Չէ՞ որ 400-ի 2 տոկոսը շատ ավելի շատ է, քան 30-ի 5 տոկոսը»:

Դիտարկմանը՝ ՓՄՁ-ների ներկայացուցիչներն ասում են, որ խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն իրենց թուղթ չեն տալիս, Վ. Այվազյանը պատասխանեց, որ «և՛  փոքրը չի ուզում վերցնել թուղթ, և՛ հաճախ խոշորը չի տալիս». «Չէ՞ որ, եթե այդ փոքրը այդ թուղթը վերցնում է, ինքը 58 միլիոնի շեմից դուրս է գալիս»:

Վ.Այվազյանի խոսքով՝ 34 հազար տնտեսվարող ցույց է տալիս, որ իր շրջանառությունը 2.4 միլիոն դրամ է. «Այդ թիվը բաժանեք 365 օրվա, ստացվում է մոտավորապես 8000 դրամ: Դրանից հանեք վարձակալության գումարը, հանեք հոսանքը, այսինքն՝ դուրս է գալիս՝ ինքը չի աշխատում: Փոքրը չի ցանկանում թուղթ վերցնել, խոշորն էլ չի ուզում տալ: Հիմա ի՞նչ եք առաջարկում, եթե մենք պետական բյուջեի հետ կապված խնդիր ունենք: Դե՛, ասեք լուծումները»:

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ եք հետաձգել գույքագրման պահանջը, Վ. Այվազյանն այսպես պատասխանեց. «Որ լուծումը գտնենք, նաև այն լուծման տարբերակը գտնենք, որ շատ ավելի օպտիմալ լինի»:

Դիտարկմանն էլ՝ ստացվում է՝ լուծման տարբերակը չգտած՝ 2 անգամ փորձում եք օրենքը շրջանառության մեջ դնել, Վ. Այվազյանն այսպես արձագանքեց. «Լուծման տարբերակներից մեկն ասում էինք, որ փաստաթղթավորումն է, փաստաթղթաշրջանառությունը վաղ թե ուշ պետք է լինի»:

168.am-ի հարցին՝ եթե այլընտրանքային տարբերակ չեք տեսնում, այսինքն՝ մինչև հուլիս  ոչինչ չի՞ փոխվելու օրենքում, պարտադիր փաստաթղթավորումը մնալո՞ւ է, Վ. Այվազյանը պատասխանեց, որ ինքը նման  բան չի ասում. «Ես առաջարկում եմ առաջարկել ցանկացած ալտերնատիվ տարբերակ, որը քննարկման ընթացքում կընդունվի բոլորիս կողմից: Ես ձեզ ֆիքսեցի հիմնական թիրախները, ես ձեզ ասում եմ՝ օգնել է պետք ՓՄՁ սուբյեկտներին: Օգնության լավագույն տարբերակը՝ հարկ պետք չէ, բայց ասում ենք՝ եկեք ֆիքսենք: Հիմա դա կլինի շրջանառության  ֆիքսելու ձևով, ինչ-որ այլ տարբերակով… Դրա համար ասում ենք՝ 5-6 ամիս ժամանակ տվեք, կառավարությունն աշխատի, պատգամավորները, հասարակական սեկտորի ներկայացուցիչները, հ/կ-ները, տվյալ ոլորտում աշխատող քաղաքացիները, անհատներն առաջարկություն ներկայացնեն»:

Մեր դիտարկմանը՝ ՓՄՁ-ների ներկայացուցիչներն օրենքի կամավոր տարբերակն են առաջարկում, Վ. Այվազյանը պատասխանեց, որ կամավոր տարբերակն իր համար ընդունելի չէ, որովհետև այդպես էլի հնարավոր չէ շրջանառությունը ֆիքսել:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ էր մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի՝ տոնավաճառների աշխատողներն իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում է 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Ըստ կառավարության՝ նոր  օրենքը հնարավորություն կտա խոշոր բիզնեսը բերել հարկային դաշտ:

ՓՄՁ ներկայացուցիչների բողոքներից հետո՝ 2014թ. հոկտեմբերի 6-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր «Շրջանառության հարկի  մասին» օրենքում առկա գույքագրման պահանջը մինչև 2015թ. փետրվարի 1-ը հետաձգել: Այժմ էլ ՓՄՁ ոլորտի աշխատակիցների բողոքի ակցիաների արդյունքում՝ գույքագրման պահանջը կրկին հետաձգվել է մինչև 2015 թվականի հուլիս ամիս:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս