Բաժիններ՝

«Քաղաքապետարանից ասացին՝ մարդկանց Նոր տարին մի հարամեք, դոլարն իջնելու է, հարցը կլուծվի: Հարցը մինչ օրս չի լուծվել». Հրանտ Եղիազարյան

«Եթե մեզ ասում են` աշխատեք 100 դրամով, մենք էլ ասում ենք՝ մեզ վառելիքը տվեք ինքնարժեքով: Դա շատ մեծ քանակ չի, ու ներկրողների վրա ծանր չի նստի: Ասում ենք՝ դիմեք իշխանություններին, որպեսզի մեր հարկային բեռը թեթևացնեն»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը: Երեկ միության նախագահը հանդիպում է ունեցել Երևանի  քաղաքապետարանում, ներկայացրել է հնարավոր տարբերակներն ու հիմա արդեն մեկ շաբաթից սպասում է որոշմանը: Հիշեցնենք, որ դեռևս դեկտեմբերին մի շարք երթուղային տաքսիների վարորդներ բողոքի ակցիա էին կազմակերպել և գործադուլ էին հայտարարել՝  բողոքելով գազի թանկացման դեմ և պահանջելով բարձրացնել ուղեվարձի սակագինը: Երևանի քաղաքապետարանն ու գծատերերն այդ օրերին համաձայնության էին եկել ժամանակավորապես կայունացնել վիճակը, վերականգնել երթուղիների սպասարկումը՝ մինչև խնդրին լուծում տրվի: Քաղաքապետարանի ներկայացուցիչներն ասել էին, որ պետք է բանակցեն գազալցակայանների սեփականատերերի հետ, որպեսզի գազը վերադարձնեն նախկին գնին: Վարորդները դադարեցրել էին գործադուլը մինչև հունվարի 15-ը, բայց թանկացման հարցը դեռ առկախ է:

«Որոշեցինք, որ այսուհետև գործելու ենք միայն օրենսդրական դաշտում, այսինքն՝ այն, ինչ որ արվում էր համոզելով, զրուցելով, այդպես էլ չի լինի: Ներկայացրել ենք շատ լուրջ ձևով, մարդիկ ընդունել են մեր հաշվարկները, խոստացել են, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում հանգամանորեն կուսումնասիրեն  և կփորձեն լուծում տալ: Նաև նշեմ, որ մենք տեղափոխում ենք ուղևորներ, որոնք անվճար երթևեկելու իրավունք ունեն, բայց դրա համար իշխանությունները նախատեսել են փոխհատուցում: Տվեք մեզ այդ փոխհատուցումը, կամ այդ իրավունքը տեղափոխեք ուրիշ դաշտ: Երբ այդ օրենքը գրվել է, մասնավոր սեկտոր չի եղել, պետական է եղել, ու մենք այդ փոխհատուցումը ստանում էինք առաջ»,- ասում է Հրանտ Եղիազարյանը:

Փոխադրողների միության նախագահի խոսքով, այսօր վարորդներն ունեն 2 խնդիր՝ մեքենան լինի կարգին վիճակում, և կարողանան իրենց ընտանիքները պահել: «Պարբերաբար երթուղիներ են փակվում, որովհետև ուղևորահոսքի պակաս լինելու հետևանքով՝ տվյալ երթուղին այլևս բացարձակ շահութաբեր չէ: Եվ արդյունքում՝ վարորդը երթուղուց հրաժարվում է: Փոխադրող կազմակերպության ղեկավարությունը՝ գծատերը, ոչինչ անել չի կարող: Հիմա մենք մեր նյութերը ներկայացրել ենք, որպեսզի կարողանանք օրենսդրական դաշտում արդեն առաջարկել նոր սակագին: Օրենքը չընդունել հնարավոր չէ, կամ փոխենք օրենքը, կամ կատարենք. եթե օրենք է, ուրեմն բերեք բոլորս այն կատարենք: Վարորդը պետք է երեկոյան որոշակի գումար՝ գծի պլան, մուծի: Գծատերն ասում է՝ վճարեք: Երբ գազի գինը բարձրանում է, գծատերը պահանջում է այն գումարը, որը պահանջվում է, ու այն մյուսը մնում է վարորդի հաշվին, իսկ վարորդն ասում է՝ այդ եղած գումարով չեմ կարող տունս պահել, հետևաբար՝ չեմ աշխատում: Հիմա մենք երկու լուրջ խնդիր ունենք. եթե ուղեվարձը չի փոխվում, մենք ոչնչանում ենք, քաղաքը մնում է առանց տրանսպորտի, ու երկրորդ խնդիրը՝ եթե գնում ենք այս մասնավոր փոփոխություններին, պարզապես մահը հետաձգում ենք»,- ասում է Հրանտ Եղիազարյանը:

Փոխադրողների միության նախագահը նաև պատմեց, թե ինչ է եղել հենց վարորդների վերջին գործադուլից հետո: «Վարորդների գործադուլից հետո մեզ հրավիրեցին քաղաքապետարան ու ասացին՝ գազի գինն էլ է իջնելու, դոլարի փոխարժեքն էլ է փոխվելու, ասացին՝ խնդրում ենք, Նոր տարին մի հարամեք, թողեք մարդիկ Նոր տարին անեն, հետո իջնելու է, գալու է նույն թվերի վրա… Ցավոք, այդքան էլ այդպես չեղավ, իհարկե, դոլարն իջավ, բայց չեկավ այն նիշերի վրա կանգներ, որքան առաջ էր: Եղավ գծատերերի գրպանի հաշվին,- ասում է Հրանտ Եղիազարյանը՝ ներկայացնելով նաև իր տեսակետը խնդրի լուծման համար,- Ես կողմ եմ նրան, որ ողևորից գանձվող գումարը մնա նույնը, և տարբերությունը կատարվի իշխանությունների կողմից (ընդ որում՝ ամբողջ աշխարուհում է հիմա այդպես): Կախված վառելիքի տեսակից՝ դիզելային վառելիքով է աշխատում թե գազով, նաև՝ կախված փոխադրման հեռավորությունից, շատ լավ կլինի, որ գները տարբեր լինեն. այդպես ճիշտ կլինի: Բայց քանի որ մեր քաղաքը մեգապոլիս չէ, այդպես չի լինում»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս