Բաժիններ՝

Բաքվում բացվել է Կովկասի խոշորագույն մզկիթ «Հեյդարը»

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվի շրջաններից մեկում մասնակցել է «Հեյդար» մզկիթի բացմանը, որը կհանդիսանա ողջ Կովկասյան տարածաշրջանի խոշորագույն մզկիթը: Այն կարող է միաժամանակ ընդունել ավելի քան 4000 մարդու:

Մզկիթն ունի 4 մինարեթ, որոնցից յուրաքանչյուրի բարձրությունը կազմում է 72 մետր, 9 մեծ ու փոքր գմբեթ, որոնցից գլխավորի բարձրությունը կազմում է 36 մետր: Մզկիթի ընդհանուր բարձրությունը կազմում է 81 մետր: Մզկիթի շինարարությունը մեկնարկել է 2012 թվականի վերջին:

Մզկիթի տարածքը կազմում է 4000 քառակուսի մետր: Աղոթելու հարթակի տարածքը կազմում է 900 քառակուսի մետր, իսկ կանանց համար նախատեսված սրահի տարածքը՝ 350 քառակուսի մետր: Մզկիթի կառուցման պատմությունը կապված է հայ-թուրքական հարաբերությունների հետ:

Ընդգծվում է, որ 2009 թվականին Ցյուրիխյան արձանագրությունների պատճառով բավական սրվել էին Թուրքիայի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները, ինչի հետ կապված՝ Բաքվում փակվեց թուրքական մզկիթը, որը Թուրքիայի կրոնական գործերի նախարարությունը կառուցել էր 1992 թվականին: Լարվածության վերացումից հետո կողմերի միջև 2012 թվականին պայմանավորվածություն ձեռք բերվեց նոր մզկիթ կառուցելու մասին:

Հիշեցնենք, որ մոտ 20 օր առաջ հաղորդվել էր, թե Ադրբեջանում կկառուցվի Հեյդար Ալիևի անունը կրող քաղաք: Ի դեպ, Իլհամ Ալիևն այսօր դարձավ 53 տարեկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս