«ԵՏՄ-ն դա դրախտ չէ». Արտահանողների միության նախագահ
«Շատ մարդիկ կարծում են, որ հունվարի 2-ին դրախտի դռները բացվելու են մեզ համար, դա այդպես չէ, խնդրում եմ՝ իրական լինել»,-խոսելով հունվարի 1-ից Հայաստանի՝ նոր միության՝ Եվրասիական տնտեսական միության կազմում մեջ հայտնվելու մասին՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը:
Ըստ նրա՝ ԵՏՄ-ի կազմի մեջ մտնելով շատ բան չի փոխվելու, քանի որ այնտեղ նույն այն երկրներն են, որոնց հետ Սովետական շրջանից ի վեր հայերը համագործակցում են, և այդ համագործակցությունը շարունակվելու է. «Այստեղ հիմնական խնդիրն այն է, որ այս ամեն ինչին քաղաքական աստառ է տրվում: Եթե միանալով ԵՏՄ-ին՝ ես իմանամ, որ մեկ բեռնատար մեքենայի արժեքն այստեղից Մոսկվա 5000 դոլարի փոխարեն դառանլու է 2500, ես կասեմ՝ կեցցե՛ ԵՏՄ-ն, բայց այդպիսի բան տեղի չի ունենալու»:
Հարցին՝ այդ դեպքում արտահանման պայմանների դյուրացումն ի՞նչ է նշանակում, Ր. Մխչյանը պատասխանեց, որ եթե հիմա արտահանման ժամանակ արտահանողները ունեն որոշակի փաստաթղթերի փաթեթ, ԵՏՄ-ի կազմի մեջ լինելով՝ արտահանողներն այդ փաթեթը չեն պատրաստելու (եթե ԵՏՄ-ի ներսում են այդ գործողություններն անում). «Այսինքն, եթե ես արտահանում եմ սուրճ, ես պետք է գնայի, մեր Աևտրաարդյունաբերական պալատից վերցնեի հատուկ մի սերտիֆիկատ, դրանից հետո ես պետք է վերցնեի ֆիտոսանտիարական մի սերտիֆիկատ, դրանից հետո պետք է գնայի մեր մաքսային և այնտեղ արտահանում ձևակերպեի, ու այդ բոլորը բավականին լուրջ ժամանակ, գումար և էներգիա են խլում: Այսօր դա տեղի չի ունեալու, ընդամենն այդ բեռը այստեղից միանգամից շարժվելու է, ասենք, ՌԴ. Վրաստանի սահմանին պետք է ձևակերպվի տրանզիտ, ընդամենը դա է, բայց թե ինչ կուզի Վրաստանն այդ տրանզիտը ձևակերպելու, համար ես չեմ կարող այս պահին ասել»:
Հարցին էլ այսինքն՝ բիզնեսմենի համար ոչ մի գնային լավ պայմաններ չի՞ ստեղծվում, արտահանողների միության նախագահը նշեց, որ՝ հակառակը, ինքն ունի որոշակի մտավախություններ. «Ես մտավախություններ ունեմ, որ մեծը փոքրին կարող է ուտել: Այսինքն՝ եթե ինչ-որ մի ոլորտ, որն այսօր բավականին զարգացած է Հայաստանում և դրա նմանակը Ռուսաստանում կամ Ղազախստանում ունենան՝ շատ ավելի մեծ արտադրող, կարող է նա իր արտադրանքով խեղդել Հայաստանի շուկան և մեր տեղացի, լավ, ուժեղ արտադրողի վերջը տալ: ԵՏՄ-ն դա դրախտ չէ»:
Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց, թե ԵՏՄ-ում մենք ո՞ր ապրանքատեսակներով կարող ենք մրցունակ լինել: Ր. Մխչյանը նշեց, որ մենք ԵՏՄ-ում միշտ էլ մրցունակ ենք մեր մշտական ունեցած ապրանքներով՝ գինեգործությունը, կոնյակագործությունը, ոսկերչությունը, գյուղատնտեսական ապրանքները. «Մրցունակ լիենլու համար պետք է բավարար քանակություն ունենալ, որ այդ մրցակցությունն ապահովել, այսօր մենք այդպիսի մեծ, հսկայական քանակություններ չունենք»: