Բաժիններ՝

Ուկրաինան ի վիճակի չէ ինքնուրույն դուրս գալ ստեղծված իրավիճակից. Յացենյուկ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան ցանկանում է 2015 թվականին գումարել միջազգային դոնորների կոնֆերանս՝ հաստատելու համար երկրի վերականգնման պլանը և ստանալու համար 15 միլիարդ դոլարի ֆինանսական հավելյալ օգնություն: Այս մասին խորհրդարանում հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը.

«Ես այս ամբիոնից հրապարակավ հայտարարում եմ, որ քանի որ 2010-2014 թվականներին պետպարտքն աճել է կրկնակի՝ 30 միլիարդ դոլարից հասնելով մինչև 70 միլիարդ դոլարի, քանի որ երկիրը թալանված ու կողոպտված է, քանի որ մենք գտնվում ենք ռուսական ռազմական ագրեսիայի տակ, մեզ համար շատ բարդ է ստեղծված իրավիճակից ինքնուրույն դուրս գալը:

Այլ կերպ ասած՝ դա անհնար է անել առանց մեր միջազգային գործընկերների օգնության: Մենք այս տարի արել ենք հնարավոր ամեն բան: Տնտեսությունն անկում է ապրում 7 տոկոսով, արդյունաբերական արտադրությունը՝ 10 տոկոսով, իսկ մենք հավաքում են 5 տոկոսով ավելի շատք հարկ: Ընդ որում՝ ես հասկանում եմ, որ դա չի կարող հավերժ տևել:

Երկար չես դիմանա ֆիսկալ ճնշմանը, սակայն անհրաժեշտ է վճարել նպաստներ ու աշխատավարձեր: Մենք այս տարի ստացել ենք 9 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն: Մեծ թիվ է: Սակայն 14 միլիարդ դոլար հատկացրել ենք պարտքերին ու վարկերին: Հաջորդ տարի ԱՄՀ-ի նախատեսած ծրագրից բացի հավելյալ անհրաժեշտ է 15 միլիարդ դոլար, ինչի մասին գրել է Financial Times-ը»:

Յացենյուկն ուշադրություն է հրավիրել, որ հավելյալ օգնություն ստանալուն կնպաստի դոնոր երկրների կոնֆերանսը, որը կարող է տեղի ունենալ 2015 թվականի հունվարի վերջին- փետրվարի սկզբին. «Օգնություն ստանալու համար, որպեսզի գոյատևենք ու թույլ չտանք դեֆոլթ, մեզ անհրաժեշտ է դոնոր երկրների միջազգային կոնֆերանս ու երկրի վերականգնման պլան:

Օգնությունը հենց այնպես որևէ մեկը չի տա: Օգնության համար անհրաժեշտ է անցկացնել կոշտ բարեփոխումներ, որոնց մասին մենք խոսել ենք ընտրությունների ժամանակ»: Յացենյուկը հայտարարել է, որ իրենք վիթխարի քայլեր պետք է գործադրեն, որպեսզի 2016 թվականին իրավիճակը կայունանա Ուկրաինայում:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, որ ԱՄՀ-ի կարծիքով՝ ֆինանսական կոլապսից խուսափելու համար Ուկրաինային անհապաղ անհրաժեշտ է 15 միլիարդ դոլար: ԱՄՀ-ը մանրամասնել էր, որ այդ գումարն անհրաժեշտ է մի քանի շաբաթվա ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս