Ավետիք Իշխանյանը՝ ազատամարտիկներին ծեծողների մասին. «Իրենք ողորմելի են, իրենք ղզիկ են»

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն այսօրվա ասուլիսում անդրադառնալով  Նախախորհրդարանի անդամների և ազատամարտիկների վրա հարձակումների, նրանց ծեծելու փաստին, ասաց՝ դա պետական ահաբեկչություն է: Նրա խոսքով՝ Ոստիկանության համար այդ դեպքերի բացահայտումը կարող է ստուգող թեստ լինել:

«Թող Վլադիմիր Գասպարյանը ինձ ապացուցի, թե վեց-յոթ մեքենայի հրկիզում, կամ նման դաժան ծեծը հնարավոր չի պարզել»,- ասաց նա:

Նաև հավելեց. «Իրենք ողորմելի են, իրենք ղզիկ են, դա տղամարդկություն չի՝ ետևից մոտենալ մարդուն և հարձակվել վրան, տղամարդ ես՝ գնա դիմացը կանգնի և ասա ինչ խնդիր ունես ինձ հետ»:

Ասուլիսի մյուս բանախոս ՀՀ վաստակավոր գործիչ, Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի բնորոշմամբ էլ՝ նման դեպքերը որոշվում են «գողական սխոդկաներով»:

«Սա նշանակում է, որ երկիրը մի կողմ է դրել քաղաքակրթությունը և շարժվում է անարխիայով, իսկ սրա վերջը կարող է լինել կամ դիկտատուրան, կամ վենդետան»,- ասում է նա՝ ավելացնելով, թե այս ամենի սկիզբը դրվել է 1993 թվականից, երբ ստեղծվեց «Երկրապահ» կամավորականների միությունը:

Տեսանյութեր

Լրահոս