«Հայաստանը կոռումպացված է դարձել Ռուսաստանի, Թուրքիայի հետ միավորվելու, շփվելու արդյունքում». Ահարոն Ադիբեկյան

«Եթե մենք մտնում ենք Մաքսային միություն, ապա մենք մտնում ենք մի ոլորտ, որտեղ կոռուպցիան ավելի մեծ ծավալներ ունի, քան Հայաստանում: Գտնում են, որ Հայաստանը կոռումպացված է դարձել Ռուսաստանի, Թուրքիայի հետ միավորվելու, շփվելու արդյունքում: Տեսեք, Եվրոպայի և Ամերիկայի հայերը, օրինակ, ավելի օրինապաշտ են և այդ արատներից բավականին հեռու»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ խոսելով այն մասին, թե ինչ կապ ունեն իրար հետ մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրերը:

Հիշեցնենք, որ Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի առաջարկությամբ այս օրը՝ դեկտեմբերի 10-ը, 1950թ.-ից նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր, իսկ երեկ՝ դեկտեմբերի 9-ին, ամբողջ աշխարհը նշում էր Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը, որը կրկին հռչակել է ՄԱԿ-ը դեռևս 2003թ.-ի հոկտեմբերի 31-ին:

Ա. Ադիբեկյանի խոսքով՝ ամեն երկիր ունի իր սեփական օրենսդրությունն ու կոռուպցիայի դեմ պայքարի որոշակի ծրագրեր: Հայաստանը ևս ունեցել է նման ծրագիր 2009-2012թթ. «Եթե 2012թ. մենք ունեինք 561 գրանցված կոռուպցիոն դեպք, ապա արդեն հաջորդ տարի՝ 2013թ., այդ թիվը 200-ով ավելացավ՝ դառնալով մոտ 761 դեպք: Հայաստանում գոյություն ունի կոռուպցիայի մոտ 60 տեսակ, որով կարելի է մարդկանց ստիպել ինչ-որ խնդրի լուծման կամ նպատակի հասնելու համար որոշակի գումար տալ կամ ինչ-որ ծառայություն մատուցել: Դա բնականաբար բացասաբար է անդրադառնում մեր մարդկային, քաղաքացիական կամ պետական հարաբերությունների վրա»:

Ըստ Ա. Ադիբեկյանի՝ կոռուպցիան նվազեցնում է մրցունակության դերը և դանդաղեցնում տնտեսական զարգացման տեմպը. «Դու կոռուպցիայի միջոցով հասնում ես նպատակիդ, բայց ուրիշների իրավունքների ոտնահարման հաշվին: Արդյունքում թուլանում է պետական կառավարման համակարգը, և կոռուպցիան դառնում է այդ համակարգի արատներից մեկը: Բոլոր դեպքերում դա կոնկրետ վնաս է բերում քաղաքացուն՝ անկախ նրանից, նա տնտեսվարող սուբյեկտ է, սովորական քաղաքացի է, կին է, մայր է, աշակերտ է և այլն: Դա ոտնահարում է մեր քաղաքացիական իրավունքը»:

Ա. Ադիբեկյանի համոզմամբ՝ հաճախ մենք ստիպված ենք լինում կաշառք առաջարկել նաև մեր իրավունքների պաշտպանման համար, երբ, օրինակ, դատավորին կաշառք ես տալիս՝ արդար և օրինական վճիռ կայացնելու համար: Իսկ թե որոնք են խնդրի լուծման տարբերակները՝ ըստ նրա, սոցիոլոգն ասաց, որ դա պիտի մեկ ընդհանուր համակարգ լինի՝ դպրոցականից սկսած մինչև պետական պաշտոնյա:

Տեսանյութեր

Լրահոս