Հայաստանը՝ անդամակցելով ԵՏՄ-ին, կուժեղացի իր ինքնիշխանության մակարդակը. Հայկ Բաբուխանյան
ԵՏՄ-ին անդամակցելով Հայաստանի Հանրապետությանը տրվում է մեծ, լրացուցիչ հնարավորություն՝ զարգացնելու իր տնտեսությունը, հզորացնելու իր աշխարհաքաղաքական դիրքը, ամրապնդելու իր ինքնիշխանությունը և պահպանելու ազգային ինքնությունը: Այս կարծիքին է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, որն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, թե Հայաստանը իր հնարավորությունները պետք է մաքսիմալ օգտագործի՝ ԵՏՄ-ի ստեղծած մեծ հնարավորություններից օգտվելու համար:
168.am-ի հարցին՝ ԵՏՄ-ին դեմ արտահայտվողները պարբերաբար խոսում են ինքնիշխանության կորստի մասին, ըստ Ձեզ՝ ԵՏՄ-ն Հայաստանի ինքնիշխանության կորուստ չի ենթադրում, Հ. Բաբուխանյանը պատասխանեց, որ ինքը հակառակն է մտածում, որ Հայաստանը, ԵՏՄ-ին անդամակցելով, կուժեղացի իր ինքնիշխանության մակարդակը.
«Քանի որ ինքնիշխանությունն առաջինը անվտանգությունն է: Եթե դու ավելի ես զարգացնում քո անվտանգությունը, այդ թվում՝ տնտեսական անվտանգությունը, դա հենց նշանակում է բարձրացնել քո ինքնիշխանության մակարդակը: Հաջորդ՝ ինքնիշխանությունը դա հավասարություն է: Մենք տեսնում ենք, որ Եվրոպական միությունում, օրինակ, չկա այդ հավասարությունը, նոր ընդունվող պետությունները գալիս են շատ ավելի ստորացուցիչ պայմաններով և հավասար չեն հին եվրոպական պետություններին, որոնք ժամանակին ստեղծել էին եվրոպական միությունը, իսկ ասոցացված երկրների համար, ընդհանրապես, նախատեսված է աղքատ ազգականի ստորացուցիչ կարգավիճակը, և այդտեղ է, որ իսկպաես կարող էր լինել ինքնիշխանության շատ լուրջ կորուստ»:
Ըստ Հ. Բաբուխանյանի՝ ԵՏՄ-ն հիմնված է հավասարության վրա, և Հայաստանը, անկախ նրանից՝ փոքր է, թե մեծ, նույն հավասարությամբ է այդտեղ ներկայացված բարձրագույն մարմինենրում, ինչպես, ասենք, Ռուսաստանը:
Մեր մյուս հարցին էլ՝ երբ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրն ԱԺ-ում քվեարկության էր դրվել, որոշակի թվով մարդիկ հավաքվել էին ու պատգամավորներին տարբեր պիտակավորումներ էին տալիս՝ կոչ անելով չքվեարկել ԵՏՄ-ին անդամակցելու օգտնին, ի՞նչ նշանակություն ունեն այդ մարդիկ Ձեզ համար, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ ոչ մի նշանակություն չունեն.
«Պիտակավորել, վիրավորել, նման պահվածքով անձնավորությունները, ովքեր քաղաքական բանավեճի փոխարեն կփորձեն նման կերպ դրսևորել իրենց կարծիքը, ինձ համար հետաքրքիր չեն: Ինձ համար հետաքրքիր են այն գործընկերները, որոնք քվեարկությամբ կամ ելույթներով արտահայտեցին իրենց կարծիքը: Մենք ուշադիր լսում ենք միմյանց, ես չեմ պատրաստվում որևէ մեկին պիտակավորել, եթե այլ կերպ է մտածում, քան ես»:
Լրագրողներից մեկի այն հարցին էլ՝ 20 օր է մնացել, բայց Բելառուսի և Ղազախստանի խորհրդարաններում առայժմ չկա վավերացման համաձայնագիրը, կարծում եք՝ որևէ խոչընդոտ չի՞ լինի, Հ. Բաբուխանյանն այսպես պատասխանեց.
«Հուսանք, որ որևէ խոչընդոտ չի լինի, Ռուսաստանի խորհրդարանում արդեն իսկ ընթացքի մեջ է գործընթացը, իսկ այն մյուս 2 պետությունների խորհրդարաններում հուսանք, որ որևէ խոչընդոտ չի լինի, համենայն դեպս դրա մասին որևէ մեկը չի բարձրաձայնել կամ որևէ նախապայմաններ չի դրել»: