ՀՀ կառավարությունը գերակա է հռչակել քաղաքացուն, անհատին և նրա արժանապատիվ կենսակերպի երաշխավորումը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր տեղի ունեցած տնտեսական իրավունքի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց, որ տնտեսական իրավունքները մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ առկա ընկալման շրջանակի անբաժանաելի մաս են կազմում:

«Դրանք կարևորագույն երաշխիք են հանդիսանում մարդու, հասարակության և, անշուշտ, պետության բարեկեցության ապահովման ու զարգացման գործում: Մարդկության զարգացման և պետությունների կայացման պատմությունը փաստում է, որ միջազգային փաստաթղթերում և ազգային սահմանադրություններում մարդու իրավունքների մասին ձևակերպումներից շատ առաջ մարդիկ առաջին հերթին դրսևորում էին իրենց հանձնառությունը սեփականության իրավունքի և արդարության սկզբունքի նկատմամբ:

Այսօր մարդու իրավունքները համապարփակ բնույթի են և հասարակությունների զարգացման չափորոշիչները չեն սահմանափակվում միայն սեփականության առկայության մակերեսային գաղափարախոսությամբ: Այն ավելի խորքային է և ընկալվում է որպես մարդու հիմնարար ազատությունների, այդ թվում՝ տնտեսական և սոցիալական արդարության երաշխիք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Նա նշեց, որ մարդակենտրոն զարգացման գաղափարախոսությունն ընդունելով որպես ռազմավարական ուղենիշ՝ ՀՀ կառավարությունը գերակա է հռչակել քաղաքացուն,  անհատին և նրա արժանապատիվ կենսակերպի երաշխավորումը:

«Հասարակությունների տեխնիկական վերափոխումների ներկա ժամանակաշրջանում, երբ գիտելիքն է առաջըթացի երաշխիքը, Հայաստանը պետք է և կարող է ընտրել զարգացման այնպիսի ճանապարհ, որը մեզ կտեղափոխի առավելապես ռեսուրսատար արդյունք ստեղծողից դեպի գլոբալ արժեշղթայում գիտելիք և տեխնոլոգիա մատակարարող երկրի: Համոզված եմ, որ հենց այս մոտեցումն է մեզ ուղղորդելու դեպի կայուն զարգացում, հնարավորությունների և տնտեսական իրավունքների լիարժեք իրացում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց,. որ եղել են թերություններ, բացթողումներ, և պետք չէ ամաչել խոսել դրա մասին, պետք է փորձել լուծումներ տալ այն հարցերին, որոնք մտահոգում են հասարակությանը:

 

Տեսանյութեր

Լրահոս