Մեծ Բրիտանիան իր նորագույն ավիակիրների համար մշտական բազա է ստեղծելու Պարսից ծոցում
ВВС-ի փոխանցմամբ` Մեծ Բրիտանիան Բահրեյնի հետ համաձայնագիր է ստորագրել Պարսից ծոցի շրջանում բրիտանական ռազմածովային նավատորմի մշտական ներկայության ապահովման համար ռազմաբազա ստեղծելու մասին: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Հեմոնդը:
Այդպիսով Մեծ Բրիտանիան վերադառնում է Սուեզի ջրանցքից հարավ ընկած գոտի, որը նա ամբողջությամբ լքել է 1971 թվականին: Պայմանավորվածության համաձայն` Բահրեյնի տարածքում` Մինա Սալման նավահանգստում, կառուցվելու է Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային ուժերի ռազմածովային բազա:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայլք Ֆելոնի գնահատմամբ` բազան հնարավորություն է տալու ընդլայնել բրիտանական ռազմածովային ուժերի ներկայությունը համաշխարհային օվկիանոսում ու կայունություն ապահովելու նպատակով ավելի խոշոր ռազմանավեր ուղարկել Պարսից ծոց:
Բազան հնարավորություն կունենա ընդունել նորագույն բրիտանական ավիակիրներ, որոնց կառուցումն ընթանում է ներկայումս: Համաձայնագրի համաձայան` բազայի կառուցմամբ զբաղվելու է Բահրեյնը, իսկ Մեծ Բրիտանիան կֆինանսավորի դրա գործունեությունը: