«Պարզ է մի բան՝ դա ջրից չէ». Առողջապահության նախարարը՝ Եղվարդի մանկապարտեզում համատարած թունավորման մասին

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի տեղեկացմամբ՝ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում թունավորված երեխանի մոտ դրական տեղաշարժ է գրանցվել: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Արմեն Մուրադյանն ասաց, որ երեխաների մեծ մասը հիվանդանոցից դուրս է գրվել. երկու երեխա այժմ գտնվում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, 4 երեխա և 1 մեծահասկ գտնվում են Եղվարդի հիվանդանոցում: Նրա խոսքով՝ հիվանդացել է նաև երեխաներից մեկի ծնողը, ով այժմ գտնվում է Եղվարդի հիվանդանոցում:

Լրագրողների հարցին՝ արդյոք թունավորման պատճառը նրբերշի՞կն է եղել, Արմեն Մուրադյանն պատասխանեց, որ ուսումնասիրությունների ընթացքում հաստատվել է նախնական ախտորոշումը՝ դիզինտերիա: «Դա հաճախ կարող է պատահել կեցաղային պայմաններում: Այս դեպքի արտառոց ընդհանուր պատկերը թվաքանակի մեջ էր: Իսկ ինչ վերաբերում է նրբերշիկին… Կա 2013թ. առողջապահության նախարարի հրաման, որը կանոնակարգում է, թե ինչ սնունդ կարող են ստանալ նախադպրոցային, մանկապարտեզային և դպրոցային տարիքի երեխաները:

Եվ երշիկեղենն առհասարակ այդ ցուցակում չկա: Արդյոք դա ի՞նչ սննդամթերքից էր, սննդամթերքի՞ց էր, թե՞ ոչ՝ այս հարցին կպատասխանեն համապատասխան հետազոտությունները»,- ասաց Արմեն Մուրադյանը՝ նշելով, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Լրագրողների դիտարկմանը, որ կարծիք կա, թե ցանկանում են ծածկադմփոց անել այս դեպքը, փրկել այն ընկերությանը, որը սնունդ է մատակարարել մանկապարտեզին, նախարարն այսպես արձանագանքեց.

«Կարծում եմ, որ դա բացառվում է, և այդ հարցը կարող եք համապատասխանաբար ուղղել իրավապահ, պատկան մարմիններին, բայց կարծում եմ, որ քրեական գործի հարուցումը արդեն իսկ խոսում է այն մասին, որ հարցի պատասխանները լինելու են լիարժեք»:

Լրագրողների հարցին՝ արդյոք դեռ պարզ չէ՞, թե ինչից են թունավորվել երեխաները, Արմեն Մուրադյանը պատասխանեց. «Այդ բոլոր տվյալները գտնվում են իրավապահ մարմինների, պատկան մարմինների մոտ, նրանք ուսումնասիրում են, այդ հարցին կանդրադառնան իրենք: Պարզ է մի բան՝ դա ջրից չէ: Սա կարող եմ միանշանակ ասել»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս