Ռուսաստանը համաձայնվել է մեծացնել «Երկնագույն հոսք» գազատարով Թուրքիային մատակարարվող գազի ծավալը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Թուրքիան հաստատում են «Երկնագույն հոսք» գազատարով տարեկան 3 միլիարդ խորանարդ մետր ծավալով գազի մատակարարման ծավալը մեծացնելը:

Այս մասին Ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներով լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը.

«Թուրքական կողմը ցանկություն է հայտնել մատակարարման ծավալը տարեկան մեծացնել մինչև 3 միլիարդ խորանարդ մետրով: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանն ու Թուրքիան շահագրգռված են տվյալ նախագծի իրագործմամբ:

«Գազպրոմը» և թուրքական «Բոթաշը» աշխատում են տեխնիկական ու տնտեսական պարամետրերի ուղղությամբ: «Երկնագույն հոսք» գազատարով Թուրքիային գազամատակարարման ծավալը մեծացնելը պահանջում է հավելյալ ներդրումներ, որոնց տնտեսական նպատակահարմարությունը դեռ պետք է գնահատել»:

Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզն իր հերթին հայտարարել է, որ 2014 թվականին թուրքական շուկայում ռուսական գազի դերը կարող է 43 տոկոսից աճել մինչև 46 տոկոսի:

Հոկտեմբերի սկզբին «Գազպրոմը» հայտարարեց, որ Ռուսաստանան ու Թուրքիան պայմանավորվել են առաջիկայում «Երկնագույն հոսք» գազատարով մատակարարվող գազի տարեկան ծավալը 16 միլիոն խորանարդ մետրից հասցնել մինչև 19-ի:

Տեսանյութեր

Լրահոս