Բաժիններ՝

Աշխարհի խոշորագույն բեռնանավն առաջին անգամ դուրս է եկել ծով

BBC-ի փոխանցմամբ` աշխարհի խոշորագույն բեռնանավ «Պետեր Շելտեն» առաջին անգամ դուրս է եկել ծով: Նավը նախատեսված է ծովային հորատման սարքերի փոխադրման համար: Այն պատկանում է շվեյցարական Allseas ընկերությանը, որը զբաղված է ստորջրյա շինարարությամբ ու ստորջրյա խողովակաշարերի անցկացմամբ:

Նավի երկարությունը կազմում է 382 մետր, իսկ լայնությունը` 124 մետր: Նրա կառուցումն արժեցել է 3 միլիարդ դոլար: Ներկայումս այն Հարավային Կորեայից շարժվում է Նիդերլանդների Ռոտերդամ նավահանգստի ուղղությամբ` կառուցման հարցում առկա մնացյալ խնդիրների լուծման համար:

Դրանից հետո նավը շարժվելու է դեպի Սև ծով, ուր կմասնակցի «Հարավային հոսք» գազատարի կառուցմանը: Նավն ունակ է ընդունել մինչև 48.000 տոննա քաշով բեռ: Սակայն բացառված չէ, որ այդ նավը երկար ժամանակ չի մնա որպես աշխարհի խոշորագույն բեռնանավ:

Allseas ընկերությունն արդեն հայտարարել է, որ պլանավորում է կառուցել այդօրինակ նավ, որի երկարությունը, սակայն, կազմելու է 400 մետր, իսկ լայնությունը` 160 մետր: Այդ նավն ունակ կլինի ընդունել մինչև 77.000 տոննա քաշով բեռ: Պլանավորված է այն շահագործման հանձնել մինչև 2020 թվականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս