ՕԵԿ-ն առաջարկում է մի քանի նախարարություններ փակել

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանի համոզմամբ՝ 2015 թվականի պետական բյուջեի նախագիծը ձախողված է:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ այն նախորդ բյուջեի կրկնությունն է, ոչինչ չի փոխվել.

«Երբ նախագիծն ԱԺ-ում քննարկվում էր, աշխատել եմ լինել բոլոր հանձնաժողովներում և տեսել եմ մի բան՝ նույն վերարտադրությունն է, ինչը նախկինում: Կրկնում եմ՝ բյուջեի գումարները նախատեսված են նախարարությունների աշխատավարձերի և պահպանման ծախսերի համար: Այսինքն՝ սոցիալական, տնտեսական ոչ մի հարց չի լուծում, ցավոք սրտի: Եթե անգամ իսկապես բյուջեի գումարները նախատեսված են պահպանման և աշխատավարձերի համար, թող մի քանի նախարարություններ փակվեն, և այդ գումարները, որոնք օգտագործվում են նախարարության աշխատակազմի պահպանման համար, ուղղվեն սոցիալական խնդիրները լուծելու համար: Այս դեպքում ժողովուրդը կտեսնի՝ ինչ-որ մի հոգս թեթևացած է իր ընտանիքում»:

Այն հարցին, որ երկար ժամանակ ՕԵԿ-ն իշխանությունների հետ նույն կոալիցիայի մեջ էր, կառավարությունը նույն ձախողված բյուջեներն էր բերում, բայց ՕԵԿ գնահատականները շատ ավելի մեղմ ու դրական ուղղվածություն ունեին, ի՞նչն է այսօր փոխվել, որ այդպես քննադատում են, Ի. Խաչատրյանը պատասխանեց.

«Մենք եղել ենք կոալիցիոն գործընկերներ և առաջարկել ենք այն խնդիրները, որոնք իրականում մենք տեսել ենք: Այն գաղափարները, որ մենք կրել ենք, դրա հիմքում ընկած է ժողովրդի և պետության շահը: Մենք, առաջնորդվելով դրանով, մշտապես առաջարկություն ենք ներկայացրել: Մենք միշտ առաջարկություններ ենք ներկայացրել դրանց լուծման ամենալավագույն տարբերակը կյանքի կոչելու համար»:

Լրագրողի հարցին՝ կոալիցիայում ինչո՞ւ ձեր առաջ քաշած խնդիրները չէին գտնում լուծումներ, ՕԵԿ պատգամավորն այսպես պատասխանեց.

«Այնպես չի, որ լուծում չէին գտնում: Շատ խնդիրներ ենք մենք առաջ քաշել, և դրանք կոալիցիայում լուծում են ստացել»:

Տեսանյութեր

Լրահոս