«Աղվան Հովսեփյանն ինքը թող մեկնաբանի իր հայտարարությունը». Գևորգ Կոստանյան (տեսանյութ)
Լրագրողներն այսօր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեցին՝ արդյոք անպատասխանատու չե՞ն Աղվան Հովսեփյանի այն հայտարարությունները, թե մարտի 1-ի գործով բոլոր բացահայտումներն արված են: «Աղվան Հովսեփյանը ինքը թող մեկնաբանի իր հայտարարությունը: Իմ հայտարարությունը հետևյալն է եղել և կա: Քրեական դատավարության մեջ ամենակարևոր սկզբունքը, որը գոյություն ունի, դա գործի արդյունավետ քննության սկզբունքն է: Ընդ որում, դա ոչ միայն ՀՀ օրենսդրության, այլև միջազգային քրեական իրավունքի և իրավունքի տեսանկյունից՝ արդյունավետ քննություն:
Որո՞նք են արդյունավետ քննության երաշխիքները՝ լրիվություն, բազմակողմանիություն և արդյունավետություն: Չկա գործի բացահայտվածության սկզբունք: Ինչո՞ւ: Որովհետև կանխավարկածն այնպիսին է, որ եթե դու այս երեք սկզբունքները քո գործի քննության ընթացքում ապահովում ես, հետևաբար՝ դու ճշմարտությունը պարզել ես: Թե ինչքան էր դա հնարավոր հանգեցնել գործի բացահայտվածության և մեղավորներին հայտնաբերելու, դա հարցի երկրորդ կողմն է:
Իմ ասածն այն էր, որ եթե այս երեք սկզբունքները ապահովում են, միաժամանակյա առկայությունն այս երեք սկզբունքների ապահովում է, այսինքն՝ գործի քննությունը լրիվ, օբյեկտիվ և բամզամակողմանի իրականացվել, վերջացվել է, ապա քրեական վարույթը ենթակա է ավարտման՝ մի դեպքում գործը կարճելու, մյուս դեպքում՝ անձանց քրեաիրավական պատասխանատվության ենթարկելու, մյուս դեպքում, երբ այդ երեքը արվում է, բայց հնարավոր չէ պարզել, ընդունենք՝ մեղավոր անձնանց և այլն, գործը կասեցվում է: Քանի դեռ այս երեք որոշումներից որևէ մեկը կայացված չէ, հետևաբար՝ գործի լրիվության, բազմակողմանիության և օբյեկտիվության սկզբունքները դեռևս ապահովված չեն»,- ի պատասխան ասաց Գևորգ Կոստանյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: