«Հորդանանն այն երկիրն է, որի հետ կարելի է զարգացնել հարաբերություններ՝ առանց մտածելու հետևանքների մասին». Արմեն Պետրոսյան
Այսօր մեկնարկում է Հայաստանի Հանրապետության նախագեհ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Հորդանանի Հաշիմյան Թագավորություն: Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Հորդանանի Թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի, վարչապետ Աբդալլահ ալ-Նուսուրի, Սենատի նախագահ Աբդել Ռաուֆ ալ-Ռավաբեհի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ատեֆ Յուսեֆ Սալահ ալ-Տարաունայի հետ:
Հայ-հորդանանյան բանակցությունների արդյունքներով նախատեսված է մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի ստորագրում:
Թե ի՞նչ կարող է մեզ տալ հայ-հորդանանյան համագործակցությունը և ինչո՞վ է այն ձեռնտու, փորձեցինք ճշտել արաբագետ Արմեն Պետրոսյանից, ում կարծիքով Հորդանանի հետ հարաբերությունները Հայաստանի համար ավելի շատ ձեռնտու են քաղաքական առումով:
«Մեր հարաբերությունները Հորդանանի հետ պատմական երկար ճանապարհ են անցել: ՀՀ անկախությանից հռչակումից հետո արտաքին քաղաքականության ուղղություններից մեկը արաբական աշխարհն է՝ Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, այդ թվում նաև Հարդանան: Այդ հարաբերությունների ձևավորման վրա ազդեցություն ուներ նաև տեղի հայ համայքների գործունեությունը, նրանց միջնորդ լինելը առաջին և երկրորդ հայրենիքների միջև: Այս համատեքստում նաև հարաբերություններ հաստատվեցին Հայաստանի և Հորդանանի միջև: Չնայած մենք այսօր դեսպանություն չունենք Հորդանանում, բայց ունենք դեսպան, որը համատեղության կարգով նաև Հորդանանում է նշանակված:
Բնականաբար, աշխարհագրական դիրքը թույլ չի տալիս ավելի ամուր առևտրական-տնտեսական կապեր ունենալ, բայց ներկայիս տեխնոլոգիաները հնարավորություն է ընձեռում այս ոլորտում ինչ-որ առաջընթացներ գրանցել:
Հորդանանի հետ ունենք հարաբերություններ կրթական, գիտական ոլորտներում: Ես կարևորում եմ նաև քաղաքական հարաբերությունների ակտիվացումը, որովհետև մենք տեսնում ենք՝ ինչ է կատարվում այսօր Մերձավոր Արևելքում, և Հորդանանն այստեղ, ճիշտ է, ուղղակիորեն ներգրավված չէ, ասենք, Սիրիայում, Իրաքում ընթացող գործընթացներում, սակայն անմիջական հարևան պետություն է, և Հորդանանի դերակատարությունը հետագայում կարելի է օգտագործել, եթե ինչ-որ խնդիրներ առաջանան, օրինակ, հայ համայնքին աջակցելու ուղղությամբ»:
Հարցին՝ հնարավո՞ր է այս համագործակցության համատեքստում խնդիրներ առաջանան տարածաշրջանի մյուս երկրների, օրինակ, Իսրայելի, Իրաքի հետ, Ա.Պետրոսյանը պատասխանեց. «Իսրայելի ու Հորդանանի հարաբերությունները բավականին նորմալ են, երկու երկրների միջև առկա է հաշտության պայմանագիր, այսինքն՝ որևէ խնդիր չի կարող առաջանալ: Հորդանանն ընդհանուր առմամբ լոյալ երկիր է, այսինքն՝ այն երկիրն է, որի հետ կարելի է զարգացնել հարաբերություններ՝ առանց մտածելու հետևանքների մասին: Մենք այսօր հարաբերություններ չունենք Սաուդյան Արաբիայի հետ և թեկուզ անուղղակի կերպով կարող ենք այս երկրի միջնորդությամբ կապ հաստատել նաև այդ երկրի հետ»:
Ռազմիկ Մարտիրոսյան