Գործարարների լավատեսությունը նվազել է
ՀՀ Կենտրոնական բանկի կողմից կառուցվող գործարար միջավայրի ցուցանիշը նվազում է։
2014թ-ի երրորդ եռամսյակում կազմել է 52.6, ինչը թեպետ գտնվում է կայունության միջակայքի սահմաններում՝ պահպանելով գրեթե բոլոր ոլորտներում առկա
լավատեսական տրամադրվածությունը, սակայն նախորդ եռամսյակի համեմատ նվազել է 4.5 տոկոսային կետով։
Արդյունաբերության և առեւտրի ոլորտներում գործարար միջավայրի ցուցանիշների մակարդակները, նախորդ եռամսյակի համեմատ, շատ քիչ են փոփոխվել և շարունակում են մնալ կայունության միջակայքի սահմաններից վերեւ: Թեև ծառայությունների ոլորտում
գրանցվել է գործարար միջավայրի ցուցանիշի զգալի նվազում, ցուցանիշը դեռեւս գտնվում է կայունության միջակայքի սահմաններում: Գործարար միջավայրի ցուցանիշի ամենացածր մակարդակը այս եռամսյակ գրանցվել է շինարարության ոլորտում՝ 34.1, ինչը պայմանավորված է այս եռամսյակ նախորդի համեմատ ոլորտում աշխատողների թվաքանակի կտրուկ նվազմամբ։
Հիշեցնենք, որ գործարար միջավայրի արժեքը հաշվարկվում է
արդյունաբերությունում՝ թողարկման ընթացիկ եւ սպասվող
ծավալների ու պաշարների վերաբերյալ կազմակերպությունների սպասումների,
շինարարությունում` ընկերության ներկա տնտեսական վիճակի եւ աշխատողների ընթացիկ թվաքանակի,
առեւտրում՝ թողարկման ընթացիկ եւ սպասվող ծավալների եւ արտադրանքի նկատմամբ պահանջարկի,
ծառայություններում՝ ընկերության ներկա ու սպասվող տնտեսական վիճակի փոփոխո
ւթյանը վերաբերվող հարցերի պատասխանների սեզոնային հարթեցված
մակարդակների հիման վրա:
Ցուցանիշի հաշվարկման համար տրվող հարցերը ունեն պատասխանների հետեւյալ տարբերակները. աճ, անփոփոխ մակարդակ, նվազում: Պատասխանների հիման վրա հաշվարկվում է յուրաքանչյուր տարբերակի տեսակարար կշիռը պատասխանների ընդհանուր քանակում, այնուհետեւ դրական պատասխանների տեսակարար
կշռին գումարվում է չեզոք պատասխանների կշռի կեսը` ստանալով պատասխանների արժեքները: Արժեքները տատանվում են [0, 100] միջակայքում: 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ (աճ եւ նվազում ակնկալող հարցվողների քանակը հավասար է):
Որպես կայունության միջակայք ընդունել ենք արժեքի տատանումը 45-ից մինչեւ 55-ը: