Բաժիններ՝

Միսս Մալաթիա-Սեբաստիա

Մանկապարտեզի բակից հավաքած փայլուն քարերի ու կոնֆետի թղթերի հետ 5-ամյա աղջկաս գրպանից երեկ հանեցի թղթի մի կտոր: Թղթի վրա մեծատառերով և անսովոր կետադրությամբ գրություն էր՝ հասցեագրված «ՀԱՐԳԵԼԻ` ԾՆՈՂ»-ին: Իսկ դիմումը ոչ այլ տեղից է, քան «Միսս և միստր աշխարհ» միջազգային կոմիտեից: Մասնավորապես՝ «Միսս և Միստր Աշխարհ» Գեղեցկության, Տաղանդի և Նորաձևության Միջազգային Հեղինակավոր Մրցույթ-Փառատոնի միակ և օրինական հեղինակ և կազմակերպիչ» Ա. Խաչատրյանից (մեծատառերը բնօրինակից են.- Լ.Ա.): Եվ այսպես՝ «Ձեր երեխան ընտրվել է մասնակցելու Մալաթիա-Սեբաստիա համայնքում կազմակերպվող միսս և միստր Մալաթիա-Սեբաստիա-2014 գեղեցկության, նորաձևության, տաղանդի մրցույթ -փառատոնին»:

Ավելորդ է ասել, որ «միսս Մալաթիա-Սեբաստիա…» բառակապակցությունն արդեն ծիծաղի նոպա է առաջացնում:

Սակայն կազմակերպիչները հավանաբար այդ գործոնն էլ են հաշվի առել, և ծնողների առաջին և չհիմնավորված անլուրջ վերաբերմունքը փորձել են զսպել՝ նշելով, թե ինչպիսի հնչեղ և հեղինակավոր կազմակերպություններ են ներգրավված այս գործում՝ «Միսս և միստր աշխարհ», «Միսս 7 մայրցամաք» միջազգային կազմկոմիտե, «Աշխարհի ֆոտոմոդել», «Թոփ մոդել» բարեգործական հասարակական կազմակերպություն, «Մինի/ջունիոր թոփ մոդել աշխարհ» կազմակերպություն: Սրանք, թերևս, չափազանց նեղ խմբերին լայնորեն հայտնի կազմակերպություններ են, որոնք մեծահոգաբար «7 մայրցամաք», «աշխարհ» հասկացություններում ներգրավել են նաև մեր փոքրիկ Մալաթիա-Սեբաստիա համայնքը:

miss

Այն, որ ոչ բոլոր ծնողներն են նման գրություն ստանալուց հետո ծիծաղում և այն նետում աղբարկղ, ակնհայտ է: Եթե նման մրցույթները պահանջված չլինեին, դրանք ամենամյա պարբերականություն չէին ունենա:

Նման գրություններ ստացել եմ դեռևս 5 տարի առաջ, երբ մանկապարտեզ էր հաճախում նաև ավագ դուստրս: Այն ժամանակ գրությունը ևս զվարճալի էր թվում, բայց բնակվում էինք այլ համայնքում, և մասնակցության հրավերն էլ համեմատաբար բարեհունչ էր թվում՝ երեխային առաջարկվում էր պայքարել արդեն… «միսս Արաբկիր» տիտղոսի համար:

Հասկանալի է, որ նման դատարկ ու ոմանց համար եկամտաբեր մրցույթների կազմակերպիչների գործի հաջողության հիմքում ծնողների, թող ներվի ասել, մանկամտությունն, իսկ ավելի ստույգ՝ հիմարությունն է: Ծնողները ցանկանում են, որ իրենց երեխաները դառնան աստղ, գեղեցկության, նրբագեղության մրցույթի հաղթող: Ու այս ծնողների փառասիրության վրա էլ խաղում են նմանօրինակ մրցույթների կազմակերպիչները: Ծնողներին հրապուրիչ է թվում գաղափարը՝ իրենց «գեղեցիկ, նորաձև և, գլխավորը, տաղանդավոր» երեխային տեսնել նախ՝ «Միսս կամ միստր Մալաթիա-Սեբաստիա»: Իսկ Մալաթիա-Սեբաստիան, ինքներդ հասկանում եք, արդեն ուղիղ ճանապարհ է դեպի «Միսս/ միստր/ աշխարհ», «Միսս 7 մայրցամաք» կամ, ինչո՞ւ հեռու գնանք, «Աշխարհի ֆոտոմոդել»:

Մանուկների գեղեցկության մրցույթներին մասնակցությունը մեծ գումարներ են, մրցանակներ և կասկածելի ապագա: Հատուկ սանրվածքներ՝ հսկայական ժապավեններով, արհեստական թարթիչներ, գրիմ՝ երեխաների թարմ մաշկին: Հաճախ նրանց լողազգեստ են հագցնում ու ստիպում բեմով քայլել՝ ինչպես սուպերմոդելներ: Այդ ամենը խեղճ երեխաներին դարձնում է Աստված գիտի ինչ: Նմանատիպ մրցույթներին իրենց երեխաներին բեմ ճանապարհող ծնողները տալիս են վերջին հրահանգները, խնդրում, որ երեխան բեմում հանկարծ լաց չլինի: Ապա հրճվանքից հուզված՝ աջուձախ են նայում՝ արդյո՞ք բոլորն են հասցնում նույնքան հիանալ իրենց զավակով, որը ետուառաջ է գնում բեմում՝ լավ չհասկանալով՝ ինչո՞ւ է այդտեղ, և ինչո՞ւ են իրեն ստիպում կոտրատվել հանդիսատեսի առաջ:

Ապա համերգնե՞րը, երբ աղջնակները, կիսամերկ, ինքնամոռաց պորտապար կամ լատինաամերիկյան կրքոտ պարեր են պարում:

Մանկական սրճարաններում, ուր, որպես կանոն, իրենց հարգող ծնողները նշում են իրենց զավակների ծննդյան տոնակատարությունները, խաղավարները պարտադիր հատուկ մրցույթ են հայտարարում (կվկայեն շատ ծնողներ). տղաները նստում են, իսկ աղջիկները պետք է անցնեն հերթով բեմով, ինչպես մանեկենուհիներ: Հաղթում է նա, ով ավելի լավ է կոտրատվում և, ըստ այդմ, ում տղաներն ավելի բուռն են ծափահարում:
Բոլոր ծնողներն են ցանկանում, որ իրենց երեխաները լինեն տաղանդավոր, գեղեցիկ: Սակայն, եթե երեխայի գիտելիքները հասկանալու համար կազմակերպվում են միջազգային օլիմպիադաներ, մրցույթներ, ապա որոշել երեխայի գեղեցկությունը մրցույթով, անհեթեթ է:

Չկա ոչ գեղեցիկ երեխա: Հանրաճանաչ լինելու ձգտումն էլ հասկանալի է: Սակայն, եթե ծնողները որևէ տաղանդով աչքի չեն ընկել, ապա չի նշանակում, թե փառքի ու հաջողության պետք է ձգտեն իրենց երեխաներին պոդյում հրելով:
Բարոյախրատական որևէ եզրահանգում անելը հոգեբանների, մասնագետների տիրույթն է: Որպես ծնող՝ իմ եզրակացությունը մեկն է՝ մանուկների գեղեցկության մրցույթների կազմակերպիչները գիտեն ծնողների դրամապանակ տանող ամենակարճ ճանապարհը՝ դատարկ գլխի միջով՝ դեպի երեխան, որին խոստանում են աստղային տոմս: Որը, որպես կանոն, միակողմանի է…

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս