Բաժիններ՝

Ալեք Ենիգոմշյան. Եթե չհրապարակվի տեսանյութը, ես գտնում եմ, որ Ոստիկանությունը ոչինչ չի ապացուցել

Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը կարծում է, որ կիրակի օրը ոստիկանների կողմից իր նկատմամբ կատարված գործողությունները նաև քաղաքական ուղերձ են իրեն և իր գաղափարական ընկերներին, և ինքն ընդունում է այդ մարտահրավերը: Ենիգոմշյանն այս հայտարարությունն արեց այսօրվա ասուլիսում:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել Երևանի Սայաթ-Նովա փողոցում հոկտեմբերի 19-ին`«100-ամյակը առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթի ավարտից հետո, ժամը 19:45-ի սահմաններում, երբ Ալեք Ենիգոմշյանը իր հարևանի հետ միասին վերջինիս ավտոմեքենայով վերադառնում էր տուն: Նախախորհրդարանը արձագանքել էր անմիջապես` նույն օրը տարածել հայտարարություն:

Իսկ Ոստիկանությունը երեկ տարածեց տեսանյութ, որում նշվում է, որ Ալեք Ենիգոմշյանի մեղադրանքներն անհիմն են, և ոստիկանները անօգնական չեն թողել Ենիգոմշյանին փողոցի բանուկ մասում, այլ ուղեկցել են նրան մինչև մայթ և տաքսի են կանչել նրա համար, սակայն Ենիգոմշյանը հրաժարվել է ոստիկանի առաջարկած տաքսին նստել:

Անդրադառնալով այդ տեսանյութին Նախախորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանն ասաց, որ Ոստիկանությունը դրանով փորձել է կեղծել է փաստերը:

Կարդացեք նաև

«Ոստիկանությունը գնաց փաստերը կեղծելու ճանապարհով»,- հայտարարեց նա:
Վարդան Հակոբյանն առաջին կեղծիք է համարում այն, որ նշված տեսանյութում Ոստիկանությունը հայտարարում է, թե, ըստ Նախախորհրդարանի հայտարարության, ոստիկանները բերման են ենթարկել Ալեք Ենիգոմշյանին, այնինչ Նախախորհրդարանը նման հայտարարություն չի արել:

Երկրորդը, նրա խոսքով` Ենիգոմշյանին դեպի մայթ է ուղեկցել ոչ թե ոստիկանը, ինչպես պնդում է Ոստիկանությունը, այլ քաղաքացիական անձ:
Նույնը կրկնեց ինքը Ենիգոմշյանը` հայտարարելով, որ Ոստիկանությունը պետք է հրապարակի իր կողմից նկարահանված տեսանյութը, որից ընդամենը մի քանի կադր է երևում տեսանյութում, երբ օպերատիվ խմբի ղեկավար Պավել Օրդյանը մեքենայից կարգադրում է ինչ-որ մեկին Ենիգոմշյանին դուրս բերել փողոցից:

«Մինչև այս պահը իրենք չեն ապացուցում, որ ինձ ուղեկցողը և տաքսի կանչողը ոստիկան է եղել: Այն կադրը, որտեղ ես երևում եմ փողոցում կանգնած, որը նկարահանված է ոստիկանների ավտոմեքենայից, շատ ավելի որակյալ է, քան ճանապարհի տեսախցիկների նկարված կադրերը: Դրանից արդեն պարզ է, որ ոստիկաններն ամբողջ այս գործողությունը նկարահանել են, հետևաբար՝ ես կոչ եմ անում, պահանջում եմ, որ Ոստիկանությունը հրապարակի իրենց իսկ նկարած` ինձ ուղեկցելու և տաքսի կանչելու պահերը, որպեսզի ես ինքս համոզվեմ, որ ինձ ուղեկցողը և տաքսի կանչողը Ոստիկանությունից էին:

Դա հստակեցնելուց հետո թող այդ անձինք, ովքեր որ են, երևան, ապացուցեն, որ իրենք ոստիկաններ են, և միայն այդ դեպքում կհամոզվեմ, որ ավտոմեքենայից այդ գոռալը, որ «ճանապարհը անցկացրեք, կույր է», հետո մոնտաժ արված կադր չէ, այլ ճշմարտություն: Այլապես ես գտնում եմ, որ Ոստիկանությունը ոչ մի բան չի ապացուցել, ընդամենը փորձել է կոծկել եղածը»,- ասաց Ենիգոմշյանը:

Նա նաև ավելացրեց` անգամ եթե այդ անձինք ոստիկաններ են եղել, դա ընդամենը մեղմում է իրենց հանցանքը և ամբողջությամբ չի վերացնում այն, քանի որ այդ ավտոմեքենան կանգնեցնելուց հետո իր նկատմամբ անօրինական գործողություններ են իրականացվել: Ըստ նրա` ոստիկանները բռնի ուժով իրեն ավտոմեքենայից դուրս են հանել, չնայած ինքն անմիջապես զգուշացրել է, որ կույր է, երկրորդը, պատշաճ կերպով չեն ներկայացել` միայն կիսաբերան ասելով, որ «Քրեականից» են:

Ավելին, Ենիգոմշյանը հայտարարեց, որ իրեն ձեռնաշղթաներ են հագցրել. «Այդ քաշքշուկի ժամանակ ինձ նաև ձեռնաշղթա են անցկացրել, և ամենաքիչը մի 15 վայրկյան պահանջվեց, մինչև նա կարողացավ այդ ձեռնաշղթան իմ ձեռքից քանդել: Իմ կյանքում երկրորդ անգամ են ինձ ձեռնաշղթա անցկացնում: Առաջինը եղել է 34 տարի առաջ Շվեյցարիայում, երբ ես ձերբակալվեցի և դատարան տարվեցի զինվորական գործողության ժամանակ: Երկրորդը, ի պատիվ ինձ, ՀՀ իրավապահ օրգաններն են իմ ձեռքին ձեռնաշղթա անցկացրել»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս