Մադուրոն ԱՄՆ-ին մեղադրել է Երկիր մոլորակին վնաս պատճառելու մեջ
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ-ին մեղադրել է մոլորակին վնաս պատճառելու մեջ: Մադուրոն այդ մեղադրանքը հնչեցրել է երկրի կառավարության դաշնային խորհրդի նիստում: Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը կործանում է Երկիր մոլորակը՝ նավթ արդյունահանելով հիդրավլիկ ճեղքման միջոցով.
«Վենեսուելան դատապարտում է նավթի արդյունահանման այդ գազանաբարո մեթոդը, որն ավերում է Երկիր մոլորակը». Մադուրոն դժգոհություն է հայտնել նաև համաշխարհային շուկայում նավթի ավելցուկի կապակցությամբ, ինչը հանգեցրել է նավթի գնանկմանը:
Մադուրոն հայտարարել է, որ Վաշինգտոնի վարած քաղաքականությունն ուղղված է Ռուսաստանի ու Իրանի տնտեսություններին վնաս պատճառելուն: Ակնկալվում է, որ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (OPEC) մոտ ժամանակներս հավաքվելու են արտակարգ նիստի, որի հիմնական թեման լինելու է նավթի շուկայի կարգավորումը: