Հնդկաստանը պատրաստ է լուծել Չինաստանի հետ տարածքային վեճը
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հնդկաստանը պատրաստ է լուծել Լադակհ շրջանի հարցում Չինաստանի հետ տարածքային վեճը: Այս մասին Նյու Դելիում կազմակերպված միջազգային անվտանգության հարցերով կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Հնդկաստանի ազգային անվտանգության նոր խորհրդական Աջիտ Դովալը:
Նրա խոսքերով՝ Հնդկաստանի իշխանությունները պատրաստ չեն այնպիսի փոխզիջման գնալ, որը կարող է սպառնալիք հանդիսանալ պետության տարածքային ամբողջականությանը.
«Մենք Չինաստանին համարում ենք շատ կարևոր հարևան: Եվ չնայած դրան՝ մենք ցանկացել ենք օգտագործել հարաբերությունների դրական զարգացման յուրաքանչյուր հնարավորություն: Մենք երբեք չենք կարող որևէ փոխզիջման գնալ՝ կապված մեր ազգային անվտանգության ու տարածքային ամբողջականության հետ»:
Սեպտեմբերին Հնդկաստանը հայտարարել է, որ չինացի զինվորները ճամբար են խփել հնդկական Լադակհ շրջանում, որը վիճելի տարածք է հանդիսանում երկու երկրների համար: