Բաժիններ՝

Դուք ձեր վերադասի հանձնարարությունը չեք կատարել. Նիկոլ Փաշինյանը՝ Վախթանգ Միրումյանին

«Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 25-ի նիստում Ձեզ հանձնարարել է քննարկել իմ ներկայացրած օրինագիծը և դրանում առկա ողջամիտ առաջարկները ներառել: Եվ այս փաստը Դուք հաստատել եք ինձ հետ հեռախոսազրույցում: Հիմա եկել, ասում եք՝ ծանոթ չեմ: Ձեր կառավարությունում մոտավո՞ր են որոշում ողջամիտ առաջարկ կա՞, թե՞ չէ»,- այսօր ԱԺ նիստում նման հարցադրումով ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին դիմեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու հարցի քննարկման ժամանակ:

Միրումյանը պատասխանեց, որ Տարածքային կառավարման նախարարի տեղակալը Փաշինյանի հետ անձամբ քննարկել է արտոնությունների շրջանակը. «Եթե ունեք մեր առաջարկների հետ կապված առաջարկներ, ներկայացրեք, պատրաստ ենք քննարկել»: Միրումյանի խոսքով՝ գազի, ջրի, հոսանքի վարձավճարի նվազեցման հարց չի քննարկվել և չեն կարող դա ներառել այս օրինագծում:

«Այս հանձնարարությունը Հովիկ Աբրահամյանը տվել է անձամբ Ձեզ և փոխնախարարի հետ իմ հանդիպումից հետո: Դուք ինձ չեք կարող ոչ որևէ խնդրանքի, ոչ որևէ ձևով հանձնարարեք որևէ բան: Դուք ձեր վերադասի հանձնարարությունը չեք կատարել: Բերել եք այստեղ մի թուղթ, որը ոչ մի կապ չունի սահմանամերձ շրջանների հետ»,- վրդովվեց Ն.Փաշինյանը:

Վ.Միրումյանը նշեց, թե ՏԿՆ-ն է եղել պատասխանատուն: Ըստ նրա՝ ինքն իրեն թույլ չի տվել հանձնարարել պատգամավորին. «Ուղղակի զանգահարեցիք, ասացի՝ եթե կան առաջարկներ, կարող ենք քննարկել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս