Ինչու ելույթ չունեցավ Գագիկ Ծառուկյանը
«Ես վստահ չեմ, որ իշխանափոխությունը կլինի, ես հավանականեմ համարում, որ իշխանության ինչ-որ մասին հավակնելը, համեմատաբար ավելի լայն իշխանություն ձևավորելն էլ կարող է թիրախ լինել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է քառյակը հասնի իշխանափոխության՝ ասաց նախկին պատգամավոր, ԵՊՀ դասախոս Վարդան Խաչատրյանը:
Ըստ նրա՝ հնչող իշխանափոխության կոչը հետագա զարգացումների արդյունք է. «Որովհետև տան հաշիվը շուկայում երբեք չի անցնում, և միշտ քաղաքականության մեջ գալիս է պահ, երբ փոխադարձ պայմանավորվածությունները ավելի լավ ելք են, քան ծայրահեղ զարգացումները»:
168.am-ի հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված Գագիկ Ծառուկյանի ելույթ չունենալը, Վ.Խաչատրյանն այսպես պատասխանեց.
«Հարցն այն է, որ տվյալ ուժը միացյալ գործողություններ երբևէ չէր իրականացրել՝ որպես հանրահավաք, և այստեղ մյուս ուժերի հետ հնարավոր համադրելիության աստիճանը երևալու է նաև կիրառական գործողություններից, որովհետև բոլոր ժամանակներում ասված խոսք կա՝ խոսքերով հնարավոր է խաբել, բայց արարքները, վարվեցողությունը որպես այդպիսին ցույց է տալիս ինքնությունն այն անձի, որի հետ շփվում ես:
Այս տեսակետից, եթե մինչև այս չի եղել, հիմա էր և հիմա պետք էր, ասենք, փոխադարձ աշխատանքային գործընթացը պատկերացնել, ինքը գնաց այն քայլին, որ հայտարարեց՝ ինքը լռում է, որը ես չէի ասի, որ շատ լավ է եղել, հասարկության գիտակցության մեջ դա միանշանակ չի գնահատվել»: