Սահմանադրությունը չի կարող լինել քաղաքական ուժերի կոմպրոմիսի արդյունք. Սահմանադրագետ

ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Վարդան Այվազյանը և իրավաբան Նորայր Նորիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին Սահմանադրական փոփոխությունների հեռանկարը ՀՀ-ում թեմայով:

Նորայր Նորիկյանն ասաց, որ իր համար ավելի կարևոր է իշխանության` սահմանադրական փոփոխության գնալու դրդապատճառը. «Իշխանության որոշ ներկայացուցիչներ արդեն ակնարկում կամ բացեիբաց հայտարարում են, որ չի բացառվում անցումը պետական կառավարման մեկ այլ համակարգի, տվյալ պարագայում` կիսանախագահից պառլամենտական կառավարման համակարգի: Սա առավել քան լուրջ ազդանշան է: Սա նշանակում է, որ մեր երկրում արմատապես փոխվելու է կառավարման փիլիսոփայությունը իր բոլոր դրսևորումներով:

Ինձ համար հարցը հետևյալն է՝ արդյո՞ք գործող Սահմանադրությունը այն վատ գործիքն է կամ միջոցը, որն արդեն իրեն սպառել է և որով այլևս հնարավոր չէ ապահովել պետության բնականոն զարգացումը: Իմ կարծիքով՝ ցանկացած կառավարման մոդելի պարագայում էլ կարելի է ապահովել ինչպես դեմոկրատական, ժողովրդավարական պետություն, այնպես էլ ստեղծել ոչ դեմոկրատական և անօրեն պետություն: Այլ խնդիր է, թե մենք կառավարման մոդելն ինչպես ենք օգտագործում»,- ասաց նա:

Իրավաբանի կարծիքով` խնդիրը ոչ թե Սահմանադրության մեջ է, այլ սահմանադրական նոմերը կատարելու.

«Ներկա կառավարման մոդելի պայմաններում քաղաքական համակարգը կառուցված է անհատի մենիշխանության վրա, իսկ սահմանադրական փոփոխությունից հետո անհատի մենիշխանությանը կփոխարինի կուսակցության մենիշխանությունը: Մնացած ամեն ինչը, որ ներառված են այդ հայեցակարգում, ընդամենը շղարշ են այս հայեցակարգի իրական նկրտումները թաքցնելու համար:

Ես կարծում եմ, որ այսպիսի փոփոխություն իրեն կարող է թույլ տալ հասարակական վստահություն ունեցող քաղաքական համակարգը, որի համար հնարավոր կլիներ փոփոխություններն իրականացնել առավելապես կոմպրոմիսային մթնոլորտում»,- նշեց նա:

Սահմանադրագետ Վարդան Այվազյանը, սակայն, համաձայն չէ Ն. Նորիկյանի վերոնշյալ դիտարկումների հետ: Ըստ նրա՝ Սահմանադրությունը չի կարող լինել քաղաքական ուժերի կոմպրոմիսի արդյունք: «Կոմպրոմիսի արդյունքում ծնվում են բացառապես քաղաքացիաիրավական բույթի փաստաթղթերը: Եվ եթե մի փաստաթուղթ ծնվում է կոմպրոմիսի արդյուքնում, ենթադրվում է, որ մի գեղեցիկ օր կարող է այդ կոմպրոմիսը վերանալ և այդ փաստաթուղթը վիճարկվել: Մինչդեռ Սահմանադրությունը որպես հիմնարար փաստաթուղթ պետք է մշակվի գիտական մեթոդներով»:

 

Տեսանյութեր

Լրահոս