«Air Armenia» ավիաընկերությունը սնանկ ճանաչվելու վտանգի առջև կանգնած չէ
«Air Armenia» ընկերությունից հայտնում են, որ «Air Armenia» ավիաընկերությունը սնանկ ճանաչվելու վտանգի առաջ կանգնած չէ, չունի կուտակված պարտքեր և չի կորցրել կազմակերպությանը պատկանող ոչ մի ինքնաթիռ: «Air Armenia» ավիաընկերության կողմից շահագործվող օդանավերից երկուսը ներկայումս վերադարձել են Հոլանդիա և գտնվում են տեխնիկական սպասարկման ու շարժակազմի վերազինման գործընթացում: Օդանավերի տեխնիկական սպասարկումը պարտադիր և պլանային գործընթաց է, որն իրականացվում է օդանավերը վարձակալության հանձնած ընկերության հետ ձեռք բերված պարտավորությունների շրջանակներում:
Ավիաընկերությունը երբևէ Դուբայը ներկայացնող ոչ մի կազմակերպությունից ինքնաթիռ չի գնել, չի վարձակալել և այս ուղղությամբ գործնականում ոչ մի համագործակցություն չի իրականացրել:
Ընկերությունը տեղեկացնում է, որ «Air Armenia» ավիաընկերությունն իրականացնում է գործարքներ, կնքում պայմանագրեր, որի արդյունքում առաջանում են ֆինանսական պարտականություններ, որոնք էլ պայմանագրերով սահմանված ժամկետներում կատարվում են:
«Շարունակական տարածվող ապատեղեկատվությունն առ այն, որ կազմակերպությունն ունի այնպիսի խնդիրներ կամ պարտքեր որոնք կարող են լուծարման հիմք հանդիսանալ, իրականությանը չեն համապատասխանում: Կազմակերպության խնդիրները հիմանականում կապված են տեղական լրատվամիջոցների կողմից տարածվող և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հետ, ինչը «Air Armenia»-ի ուղևորների շրջանում խուճապի առաջացման պատճառ է դառնում, որն էլ իր հերթին անրադառնում է թռիչքների ժամանակին կատարման և ուղևորափոխադրումները պատշաճ կազմակերպելու վրա:
Առաջացած իրավիճակում ավիաընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը և հայտնում, որ ավիաընկերությունն իրականացնում է չվացուցակով հաստատված բոլոր չվերթները և ստանձնած պարտականությունները:
Ի լրումն չվերթների իրականացման մասին հայտարարություններին՝ տեղեկացնենք, որ ներկայումս սահմանված կարգով հաստատված է ավիաընկերության ձմեռային շրջանի ավիափոխադրումների ցանկը և չվացուցակը, որն էլ ներկայացնում ենք ստորև (միջազգային աշխատանքային փաստաթուղթ համարելով՝ այն ներկայացնում ենք ռուսերեն լեզվով)»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ: