Հանրահավաքում կհրապարակվի իշխանափոխության «Ճանապարհային քարտեզը»

Հոկտեմբերի 10-ի հանրահավաքից առաջ եռյակի խորհրդարանական ներկայացուցիչները այսօր անցկացրեցին վերջին քննարկումը: Ըստ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի՝ հանրահավաքի օրակարգում լինելու են կառավարությանը ներկայացված 12 կետերը գումարած գազի և էլեկտրաէներգիայի թանկացումը, որը տեղի ունեցավ 12 կետերի հրապարակումից հետո, սահմանադրական բարեփոխումների նկատմամբ եռյակի դիրքորոշումը և ամբողջական և համակարգային իշխանափոխության հարցը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք իշխանափոխության հարցում եռյակի անդամների մեջ կա՞ կոնսենսուս, և ինչպես է ինքը վերաբերվում ՀՀԿ-ականների այն հայտարարությանը, որ ԲՀԿ-ի կողմից իշխանափոխության հարց դնելուն իրենք լուրջ կվերաբերվեն միայն այն դեպքում, երբ այդ մասին խոսի ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ վերջին մի քանի օրերին մարզային հանրահավաքների ժամանակ ԲՀԿ-ականների կողմից բարձրացվող իշխանափոխության հարցը կասկած չի թողնում, որ այդ հարցում եռյակում կա միասնական դիրքորոշում:

Իսկ ինչպե՞ս պետք է եռյակը հասնի իշխանափոխության, կամ՝ ավելի ճիշտ, ինչպե՞ս պետք է պարտադիր իշխանություններին հանձնել իշխանությունը: 168.am-ի այս հարցին ի պատասխան Ռուբեն Հակոբյանն ասաց, որ վաղվա հանրահավաքի ժամանակ կհրապարակվի իշխանափոխության ճանապարհային քարտեզը:

Առայժմ պարզ է, որ վաղը լինելու է հանրահավաք, որին մասնակցելու են հանրահավաքի կազմակերպիչ երեք կուսակցությունների առաջնորդները, լինելու են նաև ներկայացուցիչներ քաղաքացիական տարբեր նախաձեռնություններից, բողոքող առևտրականներ, տաքսիստներ, ովքեր ներկայացնելու են իրենց դժգոհությունը:

Հանրահավաքից հետո տեղի է ունենալու երթ, որը ենթադրաբար լինելու է Մաշտոց, Ամիրյան, Նալբանդյան, Սայաթ-Նովա երթուղով: Արդյոք դրանից հետո հանրահավաքի կազմակերպիչները հանրահավաքի մասնակիցներին կոչ են անելու գնալ տո՞ւն, թե՞ հայտարարվելու է շուրջօրյա հանրահավաքի մասին. Ռուբեն Հակոբյանը ասում է, որ այդ հարցի պատասխանը ևս կտրվի ճանապարհային քարտեզի միջոցով: Բայց միաժամանակ հայտարարեց. «Մենք խնդիր չենք դրել ուժասպառ անել հասարակությանը, և կարծում ենք, որ մարդկանց էներգիան պետք է խնայել հետագա պայքարի համար»:

Ըստ էության հանրահավաքի կազմակերպիչները ունեն հանրահավաքի շարունակության երկու սցենար: Առաջինն այն է, որ վաղվա հանրահավաքի ժամանակ իշխանություններին ներկայացվում են որոշակի պահանջներ, և ժամանակ է տրվում դրանք կատարելու համար: Այդ պահանջներից հիմնականը լինելու է սահմանադրական փոփոխություններ իրականացնելու գաղափարից հրաժարվելը և դրա մասին հրապարակայնորեն հայտարարելը:

Կլինեն նաև այլ պահանջներ, մասնավորապես 12 կետերի հետ կապված, փոքր և միջին ձեռներեցների համար շրջանառության հարկի ավելի ընդունելի պայմանների կիրառում և այլն, բայց հիմնական պահանջը կլինի սահմանադրական փոփոխություններից հրաժարվելը, որը ԲՀԿ-ի համար առաջնային է:

Միևնույն ժամանակ իշխանություններին այդ պահանջները կատարելու համար կտրվի որոշակի ժամկետ. ամենայն հավանականությամբ՝ մինչև հոկտեմբերի 17-ը: Կհայտարարվի, որ մեկ շաբաթվա ընթացքում իրենք պետք է համոզվեն, թե արդյոք իշխանությունը պատրա՞ստ է գնալ երկխոսության և որոշակի զիջումների, իսկ եթե ոչ, ապա իրենց այլ ելք չի մնում, քան գնալ ամբողջական և համակարգային իշխանափոխության:

Եվ հաջորդ հանրահավաքը կհայտարարվի հոկտեմբերի 17-ին, որի ժամանակ այլևս պետք է սկսվի իշխանափոխության գործընթացը:

Մյուս տարբերակը այն է, որ հանրահավաքը հրապարակում է իշխանություններին ուղղված իր պահանջները, սակայն հանրահավաքի մասնակիցները ոչ թե գնում են տուն և սպասում են իշխանությունների կողմից իրականացվող քայլերին, այլ մնում են հրապարակում և իրենց ներկայությամբ ճնշում են գործադրում իշխանությունների վրա:

Քանի որ ԲՀ-ում կողմնակից են առաջին տարբերակին, որը նշանակում է իշխանության հետ երկխոսության և համաձայնության գալու ևս մեկ հնարավորության ստեղծում, ապա կարելի է չկասկածել, որ կընտրվի հենց այդ տարբերակը:

Թե ինչպես կարձագանքեն հանրահավաքի մասնակիցները իշխանությանը պահանջներ ներկայացնելուն և դրանք կատարելու համար ժամանակ տալուն, դժվար է ասել. հանրահավաքի մասնակիցների տրամադրությունները ավելի արմատական են, քան կազմակերպիչներինը և չի բացառվում, որ մասնակիցները հերթական հուսախաբությունը ապրեն:

Տեսանյութեր

Լրահոս