«Ճիշտն այն է, որ օրենքը լինի կամավոր սկզբունքով»

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ու «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով «Շրջանառության հարկի մասին» օրենքի և ստեղծված իրավիճակի հնարավոր լուծումների մասին, ասացին, որ ճիշտն այն է, որ օրենքը լինի կամավոր սկզբունքով, այսինքն՝ հարկատուն ինքը ընտրի ունենալ փաստաթուղթ և աշխատել մեկ տոկոսով, թե՞ չունենալ և աշխատել 3.5 տոկոսով:

Միքայել Մելքումյանն առաջարկեց մի պարզ հաշվարկ անել. «Վերցնենք մի մանրածախ սուբյեկտ, որը ունի 100 հազար դրամ շրջանառություն: 100 հազար շրջանառության դեպքում առևտրի ոլորտում շահութաբերությունը 10-12 տոկոս է: Այսինքն՝ եթե դու 100 հազար դրամի շրջանառություն ունես, ապա 10-12 հազար դրամ համախառն եկամուտ ունես: Դրանից պետք է վաճառողին աշխատավարձ տաս, վարձակալության վճարը տաս, ջեռուցման, հոսանքի և ապրանք բերել-տանելու և այլն: Հիմա այս բոլորը եթե հաշվենք՝ 10-12 հազարի մեջ չենք տեղավորվում: Այսինքն՝ ակնհայտ է, որ շրջանառությունը բարձր է: 165-170 հազարի դեպքում արդեն 58 միլիոնը անցնում եք օրեկան: Խնդիրն հենց այստեղ է:

Եթե դու անում ես 165-170 հազար դրամ օրական շրջանառություն, նշանակում է 16-17 հազար դրամ համախառն եկամուտ ստացար, վերը նշված բոլոր ծախսերն անելուց հետո կմա 3000 դրամ, իսկ օրը 2-3 հազար դրամի համար սեփականատերը չի պահում ձեռնարկություն»,- նկատեց նա:

Թևան Պողոսյանը նշեց, որ կառավարությունում մի ընդունված ասացվածք կա, որ տարբեր առիթներով կրկնում են՝ իսկ ո՞վ չի սխալվում, գործ անողը միշտ սխալվում է: «Հիմա հնարավորություն կա, որ բոլորս միասին քննարկենք, որ մեկ անգամ ևս չսխալվենք, այստեղ է խնդիրը, որ ստիպված պետք է օգտագործես արտահերթ հրավիրելու հնարավորությունը, բայց չգան դրան, հետո ժողովուրդը գնա փողոց, հետո նորից խնդիրները բարձրացնես: Այս ամենը հաշվի առնելով ՝ մեր առաջարկը եղել է ժամանակ շահելու խրախուսական մոտեցումը և մարդկանց ընտրելու հնարավորություն տալը»,- ասաց նա:

Ասուլիսի ընթացքում բարձրացվեց նաև քաղաքի երկու խոշոր մոլերի խնդիրը:
Միքայել Մելքումյանն ասաց, որ առևտրի ոլորտում խոշոր կենտրոնացում է տեղի ունենում, իսկ տարբեր առևտրի օբյեկտներ փակվում են հենց այդ խոշորների պատճառով. «Ամբողջ աշխարհում այս խոշոր հիպերմարկետները քաղաքից դուրս են գտնվում: Մենք հիմա քաղաքի կենտրոնում դրել ենք երկու խոշոր մոլ: Սա պետական քաղաքականության արդյունք է, չէ՞:

Ընդհանրապես աշխարհում 18-24 հազար քառակուսի մետր են լինում սրանք: Մարդիկ գնում են մոլ ոչ թե գնեն մեկ հագուստ, երկու հաց և այլն, այլ մի երկու շաբաթվա առևտուր են անում: Մեզ մոտ դա չկա, քանի որ վճարունակություն չկա: Եթե մենք ունենք 1 միլիոն աղքատ, դրանից բխող իր հետևանքներով, նշանակում է մոլերի առկայությունը մի կողմից հարվածեց փոքրերին, մյուս կողմից իրենք էլ լավ չեն աշխատելու: Այսինքն՝ այստեղ մենք ունենք ընդհանուր համակարգային խնդիր»:

Միքայել Մելքումյանը հիշեցրեց նաև, որ երբ նոր էր ձևավորվել կառավարությունը, ամենաբարձր քաղաքական մակարդակով հայտարարվեց, որ ունեն 2 խնդիր՝ վստահություն վերականգնել կառավարության նկատմամբ և տենտեսական աճ ունենալ. «Սա նշանակում է, որ իրենք էլ են արձանագրել, որ վստահություն չկա»,-եզրափակեց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս