Թուրքիան ահաբեկչությունից «ամենաշատ տուժած երկիրն» է աշխարհում. Ջեմիլ Չիչեք
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ավստրալիայում գտնվող Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը Մելբուռնում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունում կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան ահաբեկչությունից «ամենաշատ տուժած երկիրն» է աշխարհում.
«Ահաբեկչության հարցում Թուրքիայի դիրքորոշումը հստակ է: Աշխարհի ավելի քան 200 երկրների թվում Թուրքիան ամենաշատն է տուժել ահաբեկչական գործունեությունից: 40 տարուց ավելի է, ինչ գոյություն ունի PKK անունով մի կազմակերպություն:
1984 թվականի օգոստոսի 15-ից սկսած՝ նա սպանել է 40.000-ից ավելի մեր քաղաքացիների, այդ թվում նաև կանանց ու երեխաների: Այժմ էլ ի հայտ է եկել «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցը: Այսօր մի շարք երկրներ ահաբեկչությունն օգտագործում են որպես իրենց քաղաքականությունն առաջ տանելու գործիք: Այն օգտագործում են Թուրքիայի դեմ»: