Բաժիններ՝

2011 թվականից ի վեր ծնելիության նվազման միտումը պահպանվում է

2011 թվականից հետո ծնելիության նվազման միտում կա Հայաստանում մինչև 2013 թվականը ներառյալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

«Ինչպես հայտնի է, ծնելիության ցուցանիշները 1990-ական թվականներին կտրուկ նվազման միտում որդեգրեցին և մինչև 2001թ.-ը 2,5 անգամ նվազեց ծնունդների բացարձակ թվաքանակը հանրապետությունում: Սակայն 2001-ից հետո մինչև 2011թ.-ը ծնելիության ցուցանիշներում որոշակի աճ արձանագրվեց և ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվեցին 2010թն՝ 44 հազար 825 նորածին: 2011-ից հետո նորից ծնելիության նվազման տենդենց կա Հայաստանում»,- ասաց նա:

Կ. Կույումջյանի խոսքով՝ արդեն ամփոփված են նաև այս տարվա 6 ամիսների ցուցանիշները և ըստ այդմ՝ առաջին երեք ամիսների կտրվածքով՝ ծնելիության աճ է արձանագրվել նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 3,2 %-ով: Այսպիսով՝ 2014թ.-ի առաջին կիսամյակում ծնունդների բացարձակ թվաքանակը կազմել է 19 հազար 401 նորածին:

Ըստ նրա՝ ծնելիության ցուցանիշների մասին խոսելիս անպայման պիտի հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ նորածիններն ինչ-որ չափով խոցելի են, և նրանց մինչև 1 տարեկան դառնալն արձանագրվում են նաև մանկական մահացության դեպքեր. «Մանկական մահերը մեր հանրապետությունում վերջին 5 տարիներին մոտավորապես եղել են 442-512 ամենաբարձր ցուցանիշները, և հաջորդ տարիներին բնականաբար այդքանով նվազում են ծնունդները»:

Կարինե Կույումջյանն արձանագրեց նաև այն հանգամանքը, որ երկու մարդահամարների միջակայքում և ընդհանրապես վիճակագրության գործառույթներում օգտագործվել են միգրացիայի վարչական աղբյուրներից ստացված տվյալները. «Այդ նպատակով միգրացիայի տվյալներն արտացոլել են իրական պատկերն այնքանով, որքանով  որ մարդիկ դիմել են վարչական մարմիններին՝ արձանագրելու իրենց տեղաշարժերը՝ մուտքը կամ ելքը: Սակայն տարիների փորձը ցույց է տվել, որ դրանք ոչ ամբողջական են, քանի որ 2001թ.-ի մարդահամարի արդյունքներով պարզվեց, որ ընթացիկ հաշվառումից դուրս էին մնացել շուրջ 600 հազար մարդիկ, ովքեր արտագաղթել էին և իրենց մեկնման վերաբերյալ վարչական մարմինները տեղյակ չէին: Այդ իսկ նկատառումով ՄԱԿ-ը երկրներին հանձնարարում է, որ առնվազն 10 տարին մեկ անգամ երկրներում անցկացվեն մարդահամարներ՝ բնակչության թվաքանակն արձանագրելու համար, ինչը որդեգրել է նաև Հայաստանի Հանրապետությունը»:

Կ. Կույումջյանը նշեց, որ, իհարկե, ցանկալի կլինի՝  ծնելիության ցուցանիշները միշտ աճ ապահովեն: Նրա խոսքով՝ եթե մեր ցուցանիշները համեմատենք ԱՊՀ երկրների եվրոպական հատվածի ցուցանիշների հետ, ապա պիտի ասենք, որ ՀՀ-ում դեռևս անկախ այն հանգամանքից, որ ունեցել ենք 2,5 անգամ ծնելիության ցուցանիշի նվազում, ապահովվել է բնական հավելաճ, այսինքն՝ մահերն ավելի պակաս են եղել, քան ծնունդները:

Մեր այն հարցին, թե ինչի՞ մասին են խոսում այս տվյալները, ինչի՞ հետևանք է մեր հանրապետությունում ծնելիության ցուցանիշների նվազումը, տիկին Կույումջյանը պատասխանեց, որ Վիճակագրական ծառայությունը վերլուծություն ներկայացնելու իրավասու չէ. «Մենք փաստերն արձանագրում ենք, և կան մշակող մարմիններ, որոնք պետք է վերլուծություն անեն: Նախկինում՝ 2000թ., մենք Վիճակագրության և վերլուծության պետական կոմիտե էինք, հետո այդ վերլուծական գործառույթը հանվեց մեր վրայից, և մենք օրենքով միայն վիճակագրություն հավաքագրող, մշակող և հրապարակող մարմին ենք: Այնուամենայնիվ, իմ կարծիքով՝ ծնելիության ցուցանիշների նվազման պատճառը մարդկանց սոցիալ-տնտեսական ոչ բարվոք պայմաններն են: Եթե նախկինում մարդիկ մտածում էին շատ երեխաներով սեղան նստել, ապա այսօր մեկ երեխա են ունենում՝ մտածելով գոնե այդ մեկին նորմալ պայմաններում մեծացնեն: Այսինքն՝ փոխվել է նաև մարդկանց վերարտադրողական վարքագիծը»:

Աստղիկ Իսկանդարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս