Բաժիններ՝

«Այս պահին 2300 կին գերության մեջ են Մուսուլում, ամեն օր նրանց տանջանքների են ենթարկում, բռնաբարում են». Ազիզ Թամոյան

Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը և ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգա-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի եզդի բնակչության ներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանն այսօրվա ասուլիսում խոսեցին Հյուսիսային Իրաքի եզդիների վիճակից և ներկայացրին վերջին նորությունները:

Ազիզ Թամոյանն ասաց, որ եզդիների մի մասը գտնվում է լեռներում, մի մասը՝ Սիրիայում, մի մասն էլ՝ Թուրքիայի սահմանում: Նա նշեց, որ Թուրքիան թույլ չի տալիս սահմանն անցնել ու գնալ տարբեր երկրներ: Իսկ Հայաստանի կառավարությանը նա շնորհակալություն հայտնեց իրենց օգնելու և ամբողջ աշխարհին ահազանգելու համար:

«Վերջերս տեղի ունեցած ՄԱԿ-ի ասամբլեայում Հայաստանի դեսպանը խոսեց եզդիների ցեղասպանության մասին, բացի դրանից՝ Հայաստանի կառավարությունը իր հնարավորության սահմաններում եզդիներին հատկացրել է 100 հազար դոլար, որը փոխանցվելու է տարբեր կազմակերպությունների միջոցով»,- ասաց նա:

Ազիզ Թամոյանին մտահոգում է գերտերությունների լռությունը այս հարցի շուրջ. «Իսլամական այս ալիքը կտարածվի աշխարհի շատ երկրների վրա: Նրանց նպատակը միայն եզդիներին վերացնելը չէ, այլ աշխարհում իսլամական պետություն ստեղծելն է: Այս պահին 2300 կին գերության մեջ են Մուսուլում: Ամեն օր նրանց տանջանքների են ենթարկում, բռնաբարում են: Նրանցից 300-ին ուղարկել են Սիրիա և վաճառումն են որպես ստրուկներ: 21-րդ դարում կինը կարո՞ղ է ստրուկ դառնալ: Սա ին՞չ խայտառակություն է: Բեմերի վրայից խոսողներն ի՞նչ են մտածում»:

Թամոյանն ասաց, որ երկուշաբթի կառավարությունում քննարկվելու է եզդիների հարցը. «Շարմազանովն ասաց, որ քննարկումից հետո պարզ կլինի, թե որքան եզդիներ կարող են գալ Հայաստան: Եզդիների համար ամենաանվտանգ տարածքը Հայաստանն է, բայց Հայաստանն էլ այն վիճակում չէ, որ կարողանա այդքան մարդ ընդունել:

Հազարավոր ընտանիքներ ցանկանում են Իրաքից Հայաստան տեղափոխվել, բայց կա վիզայի խնդիր, կառավարությունը պետք է քննարկի, Թուրքիան պետք է թույլ տա սահմանն անցել. սրանք լուրջ խնդիրներ են:»:

Սիաբանդ Բաքոյանը նշեց, որ 2011թ. մարդահամարի տվյալներով 35.850 եզդի է ապրում ՀՀ տարածքում: Ազիզ Թամոյանն էլ նշեց Իրաքի եզդիների քանակը, որը հասնում է 3 միլիոնի, որից 1.5 միլիոնն արդեն գաղթել է:

Նրանք ասացին, որ եզդիենրը չեն կարողանում կռվել և ինքնապաշտպանության դիմել, որովհետև չունեն զենք ու զինամթերք:

Սիաբանդ Բաքոյանն նշեց, որ եզդիներին օգնել ցանկացողները կարող են իրենց գումարը փոխանցել Յունիբանկում բացված հետևյալ հաշվեհամարին՝ 24629012800800:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս