Ջոն Քերին Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիևին կոչ է արել իրենց ժողովուրդներին պատրաստել խաղաղության
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը երեկ երեկոյան Ուելսում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպման արդյունքներով հանդես է եկել հայտարությամբ, որում նշված է.
«Պետքարտուղար Քերին լուրջ մտահոգություն է հայտնել, ոչ վաղ անցյալում շփման գծում գրանցված բռնությունների կապակցությամբ, որոնք դարձել են 1994 թվականի հրադադարի ռեժիմին հաջորդած ժամանակվա ամենաարյունահեղ իրադարձությունները:
Վաշինգտոնը հավատում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև թշնամանքի վերացումն ու հարաբերությունների կարգավորումը երկու երկրների ժողովուրդներին կբերի խաղաղություն ու բարգավաճում և իր ներդրումը կունենա Կովկասի կայունության մեջ:
Պետքարտուղար Քերին, այդ մոտեցումներից ելնելով, նախագահներին կոչ է արել խստապես հարգել հրադադարի ռեժիմը և ձեռնարկել հավելյալ քայլեր՝ իրենց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար:
Քերին նաև նախագահների ուշադրությունն է հրավիրել Մինսկի խմբի համանախագահների հետ աշխատելու անհրաժեշտության վրա, որոնք հավատարիմ են կողմերին օգնելու և կայուն ու տևական խաղաղություն գտնելու գաղափարին:
Քերին նաև ողջունել է նրանց համաձայնությունը՝ կապված կարգավորման առանցքային տարրերի շուրջ երկխոսությունը շարունակելու հետ: Նա կողմերին կոչ է արել Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ սկսել առավել պաշտոնական բանակցություններ, ինչպես որ առաջարկել է ԵԱՀԿ գործող նախագահ Շվեյցարիան:
Անհրաժեշտ է ուժեղացնել կողմերի միջև վստահության ամրապնդման գործընթացը և ընդլայնել դեպի երկարաժամկետ խաղաղություն շրջադարձը, որին արժանի է տարածաշրջանը»: