Գագիկ Ծառուկյան. Երկու երկրների միջև առկա է քաղաքական համագործակցության լայն դաշտ և ժամանակն է նոր թափ հաղորդել տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը շարունակում է գտնվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում և բազմաթիվ հանդիպումներ անցկացնել Չինաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների, Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի, կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչների, ինչպես նաև երկրի տարբեր ոլորտներ ներկայացնող խոշորագույն ընկերությունների ղեկավարների հետ:
Մայրաքաղաք Պեկինում Գագիկ Ծառուկյանին ընդունել է Չինաստանի Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական կոմիտեի Միջազգային բաժնի պատասխանատու Չժոու Լին: Այս մասին տեղեկացնում է Գագիկ Ծառուկյանի խոսնակը:

Չինացի բարձրաստիճան պաշտնյան նշել է, որ չնայած երիտասարդ տարիքին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը հաջողվել է գործունեության 10-ը տարվա ընթացքում մեծ առաջընթաց ապրել և չափազանց կարևոր դերակատարում ունենալ Հայաստանի քաղաքական կյանքում:

«Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գագիկ Ծառուկյանն իր հերթին նշել է, որ Չինաստան այցելելու առաջնահերթ նպատակներից մեկը երկու երկրների միջև առկա քաղաքական, տնտեսական կապերը որակական նոր մակարդակի հասցնելու ցանկությունն է: Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ պատրաստակամ է կապող օղակ հանդիսանալ չինացի և հայ-գործարարների միջև՝ համատեղ ծրագրեր իրականացնելու, երկրի տնտեսության զարգացմանը նպաստող նախաձեռնությունների կենսագործման համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Օրվա երկրորդ կեսին Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Չինաստանի Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական կոմիտեի Կազմակերպական բաժնի ղեկավար Չժաո Լեցզին: Կարևորելով երկու կուսակցությունների միջև բարձր մակարդակի հարաբերությունները՝ Չինաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչը նշելէ, որ, ի դեմս Գագիկ Ծառուկյանի, չինացի ժողովուրդն ունի լավ բարեկամ ու վստահելի գործընկեր, ով մեծ ներդրում ունի հայ-չինական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում: Գագիկ Ծառուկյանն իր հերթին ընդգծել է, որ երկու երկրների միջև առկա է քաղաքական համագործակցության լայն դաշտ և ժամանակն է նոր թափ հաղորդել տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը:
Ըստ հաղորդագրության՝ այսօր օրվա երկրորդ կեսին պատվիրակությունը մեկնելու է Շանհայ, որտեղ շարունակվելու են հանդիպումները:

 

Տեսանյութեր

Լրահոս