Մենք ևս մեկ անգամ ցույց տվեցինք, որ նախաձեռնող ենք, որ գնդակը մեր դաշտում չենք պահում, ամեն անգամ գցում ենք Թուրքիայի դաշտ. թուրքագետ

Թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց՝ ի՞նչ սպասել Էրդողան-Դավութօղլի քաղաքական զույգից Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ թեմայով:

Նրա խոսքով՝ Թուրքիայում ոչինչ տեղի չի ունեցել, ոչինչ չի փոխվել, այսինքն՝ ուժային դիրքերը, որոնք կային, մնացել են. «Այն քաղաքական գիծը, որ մինչև այսօր տարվում էր, շարունակվելու և պահպանվելու է, եթե դրա վրա չազդեն արտաքին ուժերը. Սիրիայում, Իրաքում, Ռուսաստանի ճակատում, որևէ էական փոփոխություններ տեղի չունենան: Հայ-թուրքական հարաբերությունների այն երեք նախապայմանները, որոնք հորինվել էին Էրդողանից առաջ՝ հրաժարում Հայոց ցեղասպանության պահանջատիրությունից, Թուրքիայի սահմանների պաշտոնապես ճանաչում, այսինքն՝ հրաժարում Արևմտյան Հայաստանից և Լեռնային Ղարաբաղի հարցում միակողմանի զիջումներ՝ հօգուտ Ադրբեջանի, պահպանվել են ու շարունակվում են»:

Թուրքագետը պատմական էքսկուրս կատարեց՝ հիշեցնելով, որ դեռևս այն ժամանակ, երբ Ահմեդ Դավութօղլուն դասախոս էր, գրել է Թուրքիայի զարգացման մասին մի հաստափոր գիրք, որտեղ հստակորեն գրել էր՝ 1993թ. Քելբաջարի գրավումը իրականում Քարվաճառի ազատագրումը հայկական ուժերի կողմից հետսառըպատերազմյան ժամանակաշրջանում Թուրքիայի ամենամեծ ռազմավարական կորուստն էր. «Այսինքն՝ հայ-ադրբեջանական պայքարում հայկական ուժերի հաղթանակը դիտարկում է որպես Թուրքիայի պարտություն: Նաև ասում է՝ քանի դեռ Ադրբեջանը հզոր է, այդքան ժամանակ Թուրքիան ազդեցություն ունի Հարավային Կովկասում: Դավութօղլուի մոտ հիմա ոչինչ չի փոխվել»,- պարզաբանեց նա:

Արտակ Շաքարյանը պարզաբանեց նաև Էրդողանի այն խոստումը, որ սեպտեմբերի 4-5-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին կբարձրաձայնի Լեռնային Ղարաբաղի հարցը. «Այս գագաթաժողովն իրականում Թուրքիայի համար բավականին խնդրահարույց է, որովհետև արևմտյան ուժերը բավականին շատ պահանջներ ունեն Թուրքիայից: Նախ և առաջ Թուրքիայից պահանջում են Իսլամական պետության դեմ հստակ կեցվածք, որովհետև ՆԱՏՕ-ն փորձում է կազմակերպել կոալիցիա , որը ռազմական ուժով փորձի ճնշել Իսլամական պետությանը, ինչին հստակ պատասխան տալուց Թուրքիան խուսափում է: Պատճառներից մեկը 49 պատանդների՝ Իսլամական պետության գրոհայինների ձեռքում լինելն է:

Կարդացեք նաև

Թուրքիայի ցանկացած պաշտոնական քայլ ընդդեմ Իսլամական պետության կնշանակի գերիների գլխատում: Հզոր նախագահ դառնալու համար Էրդողանը պետք է 2015-ի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանի, որ խորհրդարանում ունենա բավականաչափ պատգամավոր, որպեսզի կարողանա փոխել Սահմանադրությունը: Դրա համար նախընտրական իրավիճակում էական բաց թողում կլինի , որ իր մարդիկ սպանվեն: Սրանից բացի՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն ունի ևս մեկ թիրախ՝ հակառուսական կոալիցիայի ստեղծում, որից նույնպես Թուրքիան փորձում է ամեն կերպ խուսափել: Թուրքիան տնտեսական և ռազմավարական մեծ կապեր ունի Ռուսաստանի հետ և չի ցանկանում բացահայտ կերպով հակառուսական դիրք գրավել: Էրդողանը այս երկու քարը գլորելու համար փորձելու է առաջ բերել թեման շեղող այլ հարցեր՝ Ղարաբաղի հարցի բարձրաձայնում, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի կողմից Թուրքիայի պետական ողջ ապարատի գաղտնալսումը, որն ինչպես Էրդողանը հայտարարեց՝ ՆԱՏՕ-ին հարիր չէ, առաջ է բերելու Իսրայել-Գազա խժդժությունները և այլն»,- ասաց նա:

Հայոց ցեղասպանության 100-ամյակին մասնակցելու Թուրքիայի նախագահին ուղղված ՀՀ նախագահի հրավերը, ըստ թուրքագետի՝ դիվանագիտական ճիշտ քայլ էր. «Մենք ևս մեկ անգամ ցույց տվեցինք, որ նախաձեռնող ենք, որ գնդակը մեր դաշտում չենք պահում, ամեն անգամ գցում ենք Թուրքիայի դաշտ: 2008-ից մենք սկսել ենք աշխատել այս իմիջի վրա, որը շարունակվում է: Մեր Արտգործնախարարությունը ցույց տվեց, որ նախաձեռնող է: Հաշվի առնելով նախընտրական իրավիճակը Թուրքիայում՝ Էրդողանն անձամբ չի գա, որ ազգայնակնանների ձայներն իր դեմ չուղղի: Հնարավոր է, որ Դավութօղլուին ուղարկի, որը գա ու առաջ տանի «արդար հիշողության» իր սիրելի թեզը: Շատերն ասում են, որ եթե Թուրքիան չգա՝ պարտվում է, որովհետև հայերի հրավերին չի արձագանքում, եթե գա՝ էլի պարտվում է, որովհետև Ցեղասպանության տարելիցին եկել է ու ստացվում է , որ ճանաչում է այն: Եթե Դավութօղլուն գա, ապա չի գալու լուռ ու մունջ ծաղիկ դնի: Կգա , կհավաքի CNN-ին և BBC-ին ու կսկսի հայտարարություններ անել ՝ խոսելով ոչ միայն հայ զոհերից, այլ նաև թուրքերից և այլն»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս