Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը վիրահատվելու է

Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առողջությանը դիտավորության ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ բժիշկները Դավիթ Խաչատրյանի առողջական վիճակը նորմալ են գնահատում, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Գոռ Ղլեչյանի խոսքով՝ սեպտեմբերի 1-ին կամ 2-ին Դավիթ Խաչատրյանը վիրահատության կենթարկվի:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 4-ին Դավիթ Խաչատրյանին մեղավոր է ճանաչել Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առոջղությանը ծանր վնաս պատճառելու մեջ՝ դատապարտելով 17 տարվա ազատազրկման:

Դավիթ Խաչատրյանը, սակայն, պնդում է, որ իր արձակած կրակոցը պատահականության արդյունք է, ընդւոնում է, որ իր կատարածը հանցագործություն է, սակայն նշում է, որ սպանություն չի կատարել: Նրա պաշտպանը առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել է վերաքննիչ դատարան՝ պահանջելով ամբողջությամբ բեկանել և փոփոխել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, Դավիթ Խաչատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով (զենքի հետ վարվելու կանոնների խախտումը, որը մարդու առողջությանը անզգուշությամբ պատճառել է ծանր վնաս և որն անզգուշությամբ առաջացել է մարդու մահ) և նրա նկատմամբ նշանակել արդարացի պատիժ` նշված հոդվածների սանկցիաների սահմաններում , կամ Դավիթ Խաչատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին մասով (սպանություն) և 120 հոդվածով (անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և նրա նկատմամբ նշանակել արդարացի պատիժ` նշված հոդվածների սանկցիաների սահմաններում , կամ ամբողջությամբ բեկանել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 10.03.2014թ. կայացրած` ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշումը, բավարարել այդ միջնորդությունը և այդ հիմքով բեկանել 04.07.2014թ. դատավճիռը և քրեական գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության, իսկ վերը նշված խնդրանքները չբավարարելու դեպքում նշանակված պատժի մասով բեկանել և փոփոխել 04.07.2014թ. դատավճիռը և նրա նկատմամբ նշանակել ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 6-րդ կետով և 112 հոդ. 1-ին մասով սահմանված նվազագույն պատիժները:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս